‘ՊՆ-ն կոչ է անում խուճապի չմատնվել’

2486

Չարժե խուճապի մատնվել Հայաստանի գյուղերի գնդակոծության առնչությամբ, Հայաստանի զինված ուժերը վերահսկում են իրավիճակն առաջնագծում: Այդ մասին հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական զինված ուժերը հունիսի 27-ի ուշ երեկոյան հերթական անգամ գնդակոծել են Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար և Մովսես գյուղերը:

Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանի ասելով` հունիսի 27-ին, ժամը 22։30-ին մոտ ադրբեջանական կողմը կանաչ գույնի լուսավորող հրթիռ է բաց թողել, ինչից հետո սկսել է գնդակոծել խոշոր տրամաչափի զենքից` մինչև 1:30-ը: Գնդակոծության հետևանքով վնասվել է գյուղի գազատարը, տուժել են նաև տները, գյուղացիների գույքը, տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել, որը գյուղացիներին դժվարությամբ հաջողվել է մարել: Այդինյանը  նշել է, որ ներկայում ճշտվում է գյուղին հասցված նյութական վնասի չափը: Զոհեր և վիրավորներ չկան:

Հովհաննիսյանի կարծիքով, թեև այս անգամ հակառակորդի կրակն առանձնանում էր որոշ ինտենսիվությամբ, այդուհանդերձ, հարկ չկա խոսել այն մաիսն, թե հակառակորդը պատրաստվում է ծավալուն ռազմական գործողությունների: Մեկնաբանելով այն լուրերը, որ հակառակորդը կիրառել է հրետանի, ՊՆ մամուլի քարտուղարը հաղորդել է, որ գնդակոծության ենթարկված տարածքի զննման ժամանակ արկի բեկորներ չեն հայտնաբերվել: «Իրականում, գնդակոծությունն իրականացվել է խոշոր տրամաչափի գնդացիրներից, օրինակ` ԴՇԿ-ից: Ես չեմ կարող ասել, թե ինչով է պայմանավորված ադրբեջանական ԶՈՒ ակտիվացումն այդ ուղղությամբ, այդուհանդերձ, չկա որևէ գործոն, որը հանգեցնի այն մտքին, թե հակառակորդը ցանկանում է մարտական գործողություններ սկսել», — հավելել է Հովհաննիսյանը: 

Նախորդ հոդվածը‘Որպես համագումարի բացման խոսք՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ընթերցեց մի երիտասարդի բանաստեղծություն (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 900 անգամ’