‘Ի հայտ են գալիս նոր գծատերեր. 64 համարի երթուղին պատկանում է Գալուստ Սահակյանի որդուն՝ Արման Սահակյանին (փաստաթղթեր)’

4443

Հուլիսի 24-ին Երևանի քաղաքապետարանը հրապարակել էր հանրային տրանսպորտի ուղեվարձի՝ 50 տոկոսով թանկացման, ինչպես նաև՝ տրոլեյբուսների ուղեվարձի՝ 100 տոկոսով թանկացման մասին որոշումները:

Ըստ հրապարակման՝ Մարգարյանը այդ որոշումը ստորագրել է՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի թվով 48 երթուղիներ սպասարկող կազմակերպությունների գրությունները: Քաղաքապետարանը նաև հրապարակել էր երթուղիներ սպասարկող կազմակերպությունների ցանկը: Այդ ցանկում էր նաև Տարոն Մարգարյանին և նրա աներձագ՝ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանին պատկանող «Ռոբերտ-Տարոն» ՍՊԸ-ն:

Կամաց-կամաց ի հայտ են գալիս նաև այլ գծատերերի անուններ, որոնք, բնականաբար, ՀՀԿ-ական վերնախավից են:

Այսպես, երթուղիներ սպասարկող կազմակերպությունների ցանկում է նաև 64 համարի երթուղին սպասարկող «ՍԱ-ՂԱ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ն, որի հիմնադիրը ոմն Սահակյան Արմանն է:

Այստեղ բոլորի մոտ կասկած առաջացավ, որ Արման Սահակյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի որդին է: Բայց արի ու տես, որ կասկածներն անհիմն էին: Ավագ Սահակյանը հերքել էր կասկածները՝ հայտարարելով, որ ինքը կամ իր տղան՝ Արման Սահակյանը որևէ «գծի» տեր են. «Ես գիծ ունեմ, բայց քաղաքական: Եթե գլուխս էսքան հասներ, ես էլ կուզենայի մի գիծ ունենալ: Կա հայտարարագիր, բացեք նայեք: Փողոցի բամբասանքներով ինձ հարցադրումներ մի արեք: Ասում եք՝ տղաս էլ գիծ ունի. բացեք հայտարարագիրը նայեք… Չեք հավատում, մի հավատացեք» (մեջբերումն ըստ 168.am-ի):

Այսօր ֆեյսբուքի օգտատեր Գևորգ Պապիկյանն իր հրապարակմամբ անհարմար վիճակի մեջ է դրել Գալուստ Սահակյանին: Պարզվում է, որ Գալուստ Սահակյանը պարզապես ստել էր և որ վերոնշյալ Արման Սահակյանը հենց Գալուստ Սահակյանի որդին է՝ ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: Սորև ներկայացնում ենք Գևորգ Պապիկյանի գրառումն ու նրա տեղադրած նկարները (print screen):

«Ուրեմն լրիվ օրինական մտնում ենք www.e-register.am սայթը: Սեղմում ենք «Որոնում» և որոնում ենք «Սա-Ղա Տրանս» ՍՊԸ (Երևանի լրիվ օրինական գծատերերից մեկն ա): Լրիվ օրինական վճարում ենք 3000 ՀՀ դրամ և տեսնում ենք, որ մասնակիցներից մեկը հանդիսանում է ոմն ոչինչ չասող Սահակյան Արման, բնակվող Արզումանյան 30-19 հասցեում: Հետո լրիվ օրինական մտնում ենք www.elections.am ու ՀՀ ընտրողների ռեգիստրում փնտրում ենք վերոհիշյալ անձին: ԵՎ Օ~ ՀՐԱՇՔ այնտեղ բնակվում է ոմն Սահակյան Գալուստ Գրիգորի ծնված 08/04/1948 (http://www.parliament.am/deputies.php?ID=900&sel=details): Սենց էլ տհաճ զուգադիպություն… դե արի համոզի, որ դու մենակ քաղաքական գիծ ունես…»:

Նախորդ հոդվածը‘Ընդդիմությունը բոյկոտում է խորհրդարանական ընտրությունները Քուվեյթում’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ-ն հերթական միջադեպն է թաքցնու՞մ. Վիրավոր զինվորը ծանր վիճակում տեղափոխվել է հոսպիտալ’