‘ՊՆ-ն փորձել է պարզաբանել ՌԴ ռազմակայանին փոխանցվող տարածքների փաստը’

918

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տարածել է ՊՆ քարտուղար Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումը Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմակայանին փոխանցվող տարածքների վերաբերյալ։ Պետք է նշենք, որ պարզաբանում կոչվածը ամենևին էլ չի պարզաբանում տեղի ունեցածը:

Պարզաբանման մեջ ասվում է.

«Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանը տեղաբաշխված է տարբեր կետերում, որոնք կոչվում են ռազմական ավաններ:

Ռուսաստանյան ռազմակայանի վերաբերյալ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց ի վեր ռազմակայանի տեղաբաշխման կետերի ցանկում, Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման ուղղությամբ ռազմակայանի խնդիրների փոփոխությամբ պայմանավորված, մի քանի անգամ փոխվել են նաև ռազմակայանի տեղակայման կետերը:

Մասնավորապես, առաջիկայում «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսական ավիաբազայի արդիականացման և նոր սպառազինությամբ համալրման նպատակով պլանավորվում է ռուսական կողմին ժամանակավոր օգտագործման համար տրամադրել ՀՀ ԶՈՒ-ի կողմից չօգտագործվող մի շարք տարբեր նշանակության տարածքներ (ուղղաթիռային սավառնակախմբի (էսկադրիլիայի) կանգառ, վարչատնտեսական և վառելիքաքսուքային նշանակության շինությունների համար նախատեսված տարածքներ):

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 21-ի նիստում ստորագրման հավանություն է տվել հենց այդ նպատակով պատրաստված համաձայնագրի նախագծին:

Պարզաբանման համար պետք է նշեմ նաև, որ «Էրեբունի» օդանավակայանի տարածքում բացի «ժամանակավոր օգտագործման նպատակով փոխանցվող» տարածքներից կան նաև «համատեղ օգտագործման» կարգավիճակ ունեցող տարածքներ (օրինակ` թռիչքուղին), որոնք իրավաբանորեն կարգավորում են հայկական և ռուսական կողմերի համար այդ տարածքների համաժամանակյա օգտագործման պայմանները»:

Նախորդ հոդվածը‘Մեսսին՝ ընդդեմ բռնության (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռիգայում սուպերմարկետի փլուզման արդյունքում զոհերի թիվն անցնում է 20-ից (տեսանյութ)’