‘Պոլիկլինիկաներում կպայքարեն կոռուպցիայի դեմ`հիվանդների գումարով’

840

Պոլիկլինիկաներում անվճար բուժսպասարկման մասին, ըստ երևույթին, պետք է մոռանալ: Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը, Երևանի պոլիկլինիկաներում նախատեսվում է փորձնական ներդնել լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների վճարման համակարգ:

ԱրմԻնֆո-ի հետ զրույցում Պողոսյանը հաղորդել է, որ հիշյալ հետազոտությունների արժեքը խորհրդանշական կլինի: Թեև խոստացվել է, որ ուլտրաձայնային հետազոտությունը կարժենա 500-1000 դրամից ոչ ավել, փոխնախարարը չի հապաղել նշել, որ իրականում գնային քաղաքականության հարցերը դեռ պետք է քննարկվեն: Նա նաև տեղեկացրել է, որ վերոհիշյալ ծառայություններն անվճար կլինեն միայն բնակչության սոցիալապես անապահով շերտերի համար:

Չնայած համապատասխան որոշում դեռ չի ընդունվել`քաղաքացիների գումարներով կոռուպցիայի դեմ նման տարօրինակ պայքարն առնվազն տարակուսանք է հարուցում: Վերջին կես տարում վերադասները հաջողացրել են զգալի հարված հասցնել բնակչության գրպանին: Դա բնակչության համար բնական գազի ու էլեկտրաէներգիայի`համապատասխանաբար 18.2% և 26.7% թանկացումն է, բուհերում վարձավճարի միջինը 20% բարձրացումը, պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը, 2013 թ. ամռանը հասարակական տրանսպորտի ուղեվարձը 50%-ով թանկացնելու փորձը…

Հիմա էլ հանրապետության բնակիչներին սպասվում են «հակակոռուպցիոն» նոր նախաձեռնություններ: 

Նախորդ հոդվածը‘Վաղը կուտակայինի դեմ ակցիա կիրականացնեն ՀԷՑ-ի աշխատակիցները’
Հաջորդ հոդվածը‘Թուխմանուկի շուրջ փոթորիկ է հասունանում’