‘Պոռոշենկոն տեղյակ չի եղել, որ Վրաստանը Ուկրաինայից պահանջում է արտահանձնել Սաակաշվիլիին’

2246

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն հայտարարել է, թե չի իմացել, որ Վրաստանի գլխավոր դատախազությունը դեռ 2015 թ. դիմել է Կիևին՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին արտահանձնելու պահանջով:

Ինչպես հայտարարել է Պոռոշենկոն Վրաստանի հանրային հեռուստատեսությամբ տրված հարցազրույցի ժամանակ, նա ստուգել է այդ տեղեկությունը և իմացել, որ ուկրաինական կողմը մերժել է՝ պահանջելով լրացուցիչ տվյալներ ներկայացնել: «Ցավոք՝ ես այդ մասին չեմ իմացել, բայց ուրախ եմ, որ այդ հարցը քննվել է առանց նախագահի միջամտության: Հիմա ես ստուգել եմ այդ տեղեկությունը, Ուկրաինան բացասական պատասխան է տվել արտահանձնմանը և լրացուցիչ տեղեկություններ է պահանջել»,-ասել է Ուկրաինայի նախագահը՝ ընդգծելով, որ եթե հետագայում կրկին արտահանձնման պահանջ ներկայացվի, ապա դա ուժային կառույցների և գլխավոր դատախազի որոշելիքն է լինելու: Ընդ որում՝ նա նշել է, որ գլխավոր դատախազը չափազանց ուշադիր է ուսումնասիրում հանցանք գործած ցանկացած անձի արտահանձնման պահանջը:

Ավելի վաղ Պոռոշենկոն Թբիլիսիում կայացած ճեպազրույցում հայտարարել էր, թե Ուկրաինան Վրաստանի իշխանություններից պահանջ չի ստացել Սաակաշվիլիի արտահանձնման վերաբերյալ:

Վրաստանում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ մի քանի քրեական գործ է հարուցվել պետական միջոցները վատնելու և պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքներով: Դատարանի որոշման համաձայն՝  Սաակաշվիլին անմիջապես կձերբակալվի, հենց որ հայտնվի Վրաստանում:

Փոխանցում է Interfax-ը: 

Նախորդ հոդվածը‘Սպիտակ տուն. Թրամփը և Պուտինը G20-ում հանդիպել են ոչ թե մեկ, այլ երկու անգամ’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը ռոբոտաշինության միջազգային օլիմպիադայում երրորդ տեղն է զբաղեցրել ‘