‘Պորտուի նախագահը հերքում է Կասիլյասի մասին իրեն վերագրվող խոսքերը’

1211

Պորտուգալական «Պորտուի» նախագահ Պինտու դա Կոշտան հերքել է համացանցում տարածված լուրերը, թե ինքը Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասի ձեռքբերումն իր թիմի համար ձախողում է համարել և քննադատել նրան։

Ինչպես հայտնում է պորտուգալական ակումբի պաշտոնական կայքը, ակումբի ղեկավարությունն արդեն զրուցել է Կասիլյասի գործակալի հետ նրա պայմանագրի երկարաձգման մասին։ «Կապտասպիտակները» ցանկանում են Իկերին իրենց թիմում տեսնել մինչև 2018 թվականը։

Կոշտան վստահեցնում է, որ իսպանական «El Confidencial»-ի տարածած լուրերն իրականությանը չեն համապատասխանում, և դա պայմանավորում է ազգային ընտրանու հիմնական դարպասապահի շուրջ ծավալվող «իսպանական պատերազմի» հետ։

Կոշտան անհեթեթ է համարում, որ մարդիկ կարող են անգամ մտածել, թե «Պորտուում» երջանիկ չեն Կասիլյասի ներկայության և կատարած աշխատանքի համար։

«Մենք խոսել ենք Կասիլյասի ներկայացուցչի հետ և համաձայնության հասել պայմանագրի երկարաձգման վերաբերյալ։ Հիմա նա պետք է որոշի, և մենք այն կստորագրենք երբ Կասիլյասը ցանկանա։

Այդ լուրերն ինձ ծիծաղեցրին, քանի որ նշվում էր, թե ես իբր դա ասել եմ ակումբի մեծ երկրպագու և իմ ընկեր Խոսե Մանուել դե Մելոյի տանը՝ ընթրիքի ժամանակ։ Խնդիրն այն է, որ ես այդ պարոնին անգամ չեմ ճանաչում, և ինչպես ինձ ասացին, նա մահացել է մի քանի տարի առաջ»,-պարզաբանել է դա Կոշտան ակումբի պաշտոնական կայքին և հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Եթե Իսպանիայում ուզում են, որ այս կամ այն ֆուտբոլիստը կատարի հավաքականի դարպասապահի պարտականությունները, թող Կասիլյասին հանգիստ թողնեն։ Եթե նրանք ընտրելու են լավագույններին, ապա ես վստահ եմ, որ Իկերը կլինի հավաքականում առաջին համարը։ Դա կարող է խնդիր լինել որոշ իսպանացիների համար, բայց ես կարծում եմ՝ Կասիլյասը կարող է լինել նրանց հավաքականի ավագն ու հիմնական դարպասապահը, և, միգուցե, նաև Եվրոպայի չեմպիոն դառնալ»,-հավելել է «Պորտուի» նախագահը։

Նախորդ հոդվածը‘Էնրիկեն ասել է միակ թիմի անունը, որին չէր ուզենա հանդիպել’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն 13 տարում առաջին անգամ ունի ֆինանսական կորուստներ’