‘Պուտին. Ռուսաստանը չի կարող անտեսել Ղրիմի օգնության կոչերը’

867

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, թե Ռուսաստանը չի կարող անտեսել իրեն ուղղված՝ Ղրիմի օգնության կոչերը, ուստի գործում է իրադրությանը համապատասխան: Նա նաև ընդգծել է ռուսաստանա-ամերիկյան հարաբերությունների կարևորությունը,, որոնք չպետք է տուժեն առանձին, թեկուզ և՝ նշանակալի միջազգային խնդիրներին պատճառով:

Նախագահ Օբաման, իր հերթին, հայտարարել է, որ Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտում են հանդիսանում: Ամերիկյան նախագահի կարծիքով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի կառավարությունները պետք է ուղիղ բանակցություններ անցկացնեն՝ միջազգային հանրության աջակցությամբ, միջազգային դիտորդները կապահովեն բոլոր ուկրաինացիների, այդ թվում՝ էթնիկ ռուսների իրավունքները, իսկ ռուսաստանյան զորքերը պետք է վերադառնան իրեն բազաները: Միջազգային հանրությունը համատեղ ջանքերով կաջակցի ուկրաինացիներին՝ մայիսին կայանալիք ընտրություններին պատրաստվելու հարցում: Օբաման նաև հավելել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին շարունակում է բանակցությունները ռուսաստանցի գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի, Ուկրաինայի կառավարության և այլ կողմերի հետ, որպեսզի նպաստի հակամարտության դիվանագիտական լուծմանը:

Վերջին վեց օրերի ընթացքում սա ԱՄՆ և Ռուսաստանի առաջնորդների երկրորդ հեռախոսազրույցն է եղել: Այն տևել է գրեթե մեկ ժամ: Հեռախոսազրույցը նախաձեռնել է Սպիտակ տունը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Հյուսիս-հարավ ավտոճանապարհի շինարարությունը վերսկսվել է’
Հաջորդ հոդվածը‘Սերբիայի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան’