‘Ջեյմս Ուորլիք. Լարվածությունը շփման գծում կարող է վնասել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին’

828

Լարվածությունը ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում կարող է չեզոքացնել խաղաղ կարգավորում գտնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի փորձերը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Արմնյուզի» հեռարձակած հարցազրույցում:

Նա նաև ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալ ուժի կիրառումից և հարգել հրադադարի ռեժիմը: «Մինսկի խումբն ու ԱՄՆ-ը բոլոր կողմերին կոչ են անում զերծ մնալ բռնություններից, հարգել զինադադարը: Մենք հույս ունենք, որ այդպես էլ կլինի, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ պետք է խուսափենք ցանկացած տիպի սրումից, որը, ինչպես տեսնում ենք, կարող է վնասակար լինել՝ շփման գծում հանգեցնելով վիրավորների ու մարդկային կյանքերի կորստյան: Ոչ ոք չի ցանկանում դա», — ասել է ամերիկացի հնամանախագահը:

Ուորլիքն ընդգծել է, որ Վիեննայի հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վստահ էին, թե կարող են այնպիսի ձևաչափ գտնել, որ «կհարգեն երկու կողմերի , այսպես ասած կարմիր գծերը և ճանապարհ կգտնեն դեպի խաղաղ կարգավորում»: «Իհարկե դա հեշտ չէ:  Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդներն էլ են տեղյակ, որ հեշտ չէ, ուստի մենք շարունակում ենք քննարկումները», — նշել է նա, հավելելով, որ Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներն արժանի են տեսնել հակամարտության կարգավորումը և տևական խաղաղության հաստատումը: Միջնորդն ընդսմին նշել է, որ բանակցային գործընթացում քննարկվում են ամենակարևոր և բարդ հարցերը:«Կարծում եմ մենք կենտրոնանում ենք ամենաբարդ ու կարևոր հարցերի վրա, և փորձում ենք գտնել, թե որտեղ ինչ համաձայնության եզրեր կան: Մենք դիտարկում ենք կողմերի տարաձայնությունները ու փորձում ենք ընդհանուր հայտարարի բերել դրանք: Պետք է բանակցային այնպիսի լուծում գտնել, որից երկու կողմերն էլ կկարողանան դուրս գալ և ասել, որ այդ լուծումը լավ է յուրաքանչյուրի համար: Սա բանակցություն է, որտեղ մենք չենք ուզում հաղթողներ կամ պարտվողներ ունենալ», — ընդգծել է նա, հավելելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբին նաև աջակցում է Միացյալ Նահանգները` «բոլոր միջոցներով, որոնք կօգնեն խաղաղ կարգավորմանը»:

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փետրվարի 5-ին ժամանել են Երևան: Այցի ընթացքում նրանք արդեն հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանի և Սերժ Սարգսյանի հետ:

Նախորդ հոդվածը‘Ըստ քաղաքացու՝ վարույթն իրականացնող անձը պաշտոնական կեղծիք է կատարել’
Հաջորդ հոդվածը‘Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են 1955թ. ծնված Ս. Մ.-ի կիսաայրված դին’