‘Ջհանգիրյան. Չպետք է ասել, թե մի անգամ ստեղծել ենք հանձնաժողով, էլ չստեղծենք. Տեսանյութ’

1271

Այսօր ԱԺ-ում շարունակվեց Մարտի մեկի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագծի քննարկումը: Խմբակցությունների անունից հնչեցված ելույթներից հետո, խոսեց հիմնական զեկուցող՝ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:

Նա նշեց, որ արձագանքներում, ըստ էության, հարցի բովանդակային քննարկում տեղի չունեցավ: Նա հիշեցրեց, որ նախագիծը ներկայացնելիս խնդրել էր ապահովել առնվազն գազի հետ կապված հանձնաժողովի քննարկման մթնոլորտը, բայց իր հույսերն ի դերեւ եղան: «Տեղի՞, թե՞ անտեղի, բայց հարցը ավելի շատ քաղաքականացվեց, քան կարծում էի, որ կարիք կար»,- նշեց պարոն Ջհանգիրյանը: «Ինչքան էլ իմ զեկույցում փորձեցի հեռու մնալ տարբեր քաղաքական խնդիրների արծարծումից, ինչքան էլ հարցերին պատախանելու ժամանակ փորձեցի «կենտրոնամետ» ու չեզոք պատասխաններ հնչեն, ցավոք՝ չհաջողվեց: Ուստի, կանդրադառնամ ոչ բոլոր ելույթներին ու հարցադրումներին: Երբեք չեմ քննադատել՝ ոչ ներկայացնելու, ոչ հարցերին պատասխանելու ժամանակ, նախկին հանձնաժողովին՝ թե՛ կատարած աշխատանքը, թե՛ արդյունքը: Ավելին, երբ որ ես աշխատում էի այս նախագծի մշակման վրա, եւ առանձնացրել էի այն հարցերի շրջանակը, որոնք պետք է դառնան ուսումնասիրության առարկա: Բնականաբար, մանրամասն ծանոթացել եմ նախորդ ժամանակավոր հանձնաժողովի թե՛ բազմածավալ զեկույցին, թե՛ հատկապես առաջարկություններին: Ուստի, այդ երկու նախագծերը իրար չեն հատվում մեծ հաշվով»,- նշեց Ջհանգիրյանը:

Նա հավելեց, որ իհարկե, հասկանալի է, որ մարդկանց մեծ մասի մոտ այդ ուսումնասիրություները հավատ չեն ներշնչել, եւ ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով նախկին համազեկուցողներն էին հայտարարել, որ այն միակողմանի է, բայց ինչ վերաբերվում է իր մոտեցումներին, ինքն ամեն դեպքում մանրամասն ուսումնասիրել է, եւ ասել, որ այս նոր հանձնաժողովի աշխատանքների ժամանակ ոչ միայն պետք է օգտագործեն նախորդ հանձնաժողովի զեկույցը, ոչ միայն փասատահավաք խմբի նյութերը, այլեւ ՄԻՊ-ի զեկույցը, ԺՀՄԻԳ-ի՝ հետմարտիմեկյան շրջանի դատական գործընթացների արդյունքում կազմված զեկույցը եւ բազմաթիվ այլ փաստաթղթեր:  

«Բայց կարեւոր հետեւությունն այն է, որ չպետք է ասել, թե մի անգամ ստեղծել ենք հանձնաժողով, էլ չպիտի ստեղծենք: Այն հանձնաժողովի առաջ այլ խնդիրներ է դրված եղել, լա՞վ՝ թե վատ, այդ խնդիրներն է հետապնդել, այս հանձնաժողովի առաջ բոլորովին այլ բնույթի խնդիրներ են դրվում: Այստեղ ելույթներ եղան, թե ասել եք, որ քաղաքական գնահատականներ պիտի տանք, հետո, թե ինչու քաղաքական գնահատականներ չենք տալու, ժողովուրդ ջան, ի սկզբանե ասել եմ, որ պետք է տանք իրավական գնահատականներ, բայց ասում եմ՝ խնդրեմ, դեմ չեմ, առաջարկեք, ներառենք, բայց հստակեցրեք»,- նշեց Ջհանգիրյանը՝ կոչ անելով ՀՀԿ-ին մինչեւ մյուս նստաշրջանը ճշգրտել իրենց մոտեցումները, որ ինքն էլ իր մոտեցումները հստակեցնի:

Հարցի քննարկումն այս նստաշրջանում ավարտվեց: ԱԺ հաջորդ նստաշրջանը կմեկնարկի մարտի 17-ին: 

Նախորդ հոդվածը‘Ա.Մանուկյան. Մենք որեւէ խնդիր չունենք ճշմարտության հետ’
Հաջորդ հոդվածը‘Էդ ո՞նց է Հոկտեմբերի 27-ի բացահայտման պահանջատեր կուսակցության ցուցակում տեղ գտել «Իրավունքի» նախկին խմբագիրը ‘