‘Ջրի սակագինը, գործողի համեմատ՝ նվազելու է 4 դրամով’

1290

Մի քանի ժամից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քննարկելու է «Երևանջուր» ընկերության ներկայացրած հայտը՝ հուլիսի 9–ից 1 խորանարդ մետր ջրի սակագինը մոտ 170 դրամ սահմանելու մասին։

7or.am-ը նշում է, որ գործող սակագինը 174 դրամ է, բայց դեռևս փետրվարի 28–ին «Երևան ջուր» ընկերությունը դիմել էր ՀԾԿՀ–ին՝ սակագինը 166 դրամ դարձնելու հայտով։ Եվ եթե հանձնաժողովն այսօր հաստատի 170 դրամ սակագինը, ապա, փաստորեն, կստացվի, որ ջրի սակագինը բարձրանում է՝ իջնելով։ Այսինքն՝ շարքային սպառողների համար ջրի սակագինը, գործողի համեմատ՝ նվազելու է 4 դրամով, բայց «Երևանջուր» ընկերության ներկայացրած հայտի համեմատ՝ բարձրանալու է 4 դրամով։

«7օր»–ի հետ զրույցում «Երևանջուր» ընկերության ԶԼՄ–ների հետ կապերի պատասխանատու Մուրադ Սարգսյանն այս խառնաշփոթ իրավիճակը հետևյալ կերպ է բացատրել։

–Գոյություն ունի կարգ, համաձայն որի՝ մենք ամեն տարի պարտավո՛ր ենք ճշգրտման սակագին ներկայացնել ՀԾԿՀ–ին։ Մեր հայտը նախատեսում էր 8 դրամով իջեցում, այսինքն՝ գործող 174 դրամի փոխարեն՝ 166 դրամ։ Բայց փետրվարին հայտնի չէր՝ էլեկտրաէներգիան կթանկանա՞ր, թե՞ ոչ։ Իսկ «Երևանջուրը» շատ մեծ քանակով էլեկտրաէներգիա է սպառում, դրա համար էլ էլեկտրաէներգիայի թանկացումը, իհարկե, պետք է ազդեր նաև ջրի սակագնի վրա։ Եթե չթանկանար էլեկտրաէներգիան, ջրի այլ սակագին այսօր կքննարկվեր։

Մեր հարցին՝ ինչպե՞ս է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման պայմաններում ջրի սակագինը գործողի համեմատ, այդուհանդերձ, իջնում, Մ. Սարգսյանը պատասխանել է.

–Հենց այդ է, որ մենք այնպես ենք մեր ծախսերն ու եկամուտները կազմում, որ կարողանում ենք, չնայած թանկացմանը՝ միևնույն է, իջեցնել սակագինը։ Չորս գործոն կա՝ էլեկտրաէներգիայի թանկացում, ինֆլյացիա, եվրո–դրամ հարաբերություններ և վաճառվող ջրի ծավալներ։ Եթե դրանք չփոփոխվեն, մենք ավելի շատ կարող ենք իջեցնել ջրի սակագինը, բայց, ցավոք, այս 4 գործոններն ազդում են։

Մ. Սարգսյանն անկեղծացել է, թե, բնականաբար, իրենց այնքան էլ հաճելի չէ ջրի սակագնի իջեցումը, բայց դե «Երևանջուրն» այսպիսով իրականացնում է տարեցտարի սակագնի նվազեցման իր պարտավորությունը։

Նրա խոսքերով՝ այս տարիներին ընկերությունը մոտ 3 անգամ կրճատել է էլեկտրաէներգիայի սպառումը, այլապես դրա ներկա թանկացումը շատ ավելի մեծ ազդեցություն կունենար ջրի սակագնի վրա։

Նախորդ հոդվածը‘Կհանգստանա գաղջ մթնոլորտից’
Հաջորդ հոդվածը‘Իբրահիմովիչի հերթական կեղտոտ քայլը. Տեսանյութ’