‘Ռամզան Կադիրով. Նա, ում խելքին փչի սպառնալ Ռուսաստանին, կոչնչացվի’

3290

Չեչնիայի առաջնորդն իր բլոգում գրել է.

 «Իրենց «Իսլամական պետություն» անվանող ահաբեկիչները Սիրիայից՝ մանկական սպառնալիք են տվել՝ պատերազմ սկսել Չեչնիայում և Կովկասում: Նրանք ասում են միայն այն, ինչ հանձնարարում են Արևմուտքի հատուկ ծառայությունների իրենց տերերը: Այդ տականքները ոչ մի կապ չունեն Իսլամի հետ: Նրանք ամբողջ աշխարհի մուսուլմանների բացահայտ թշնամիներն են:

Այդ միամիտները որոշել են երկու ինքնաթիռով սպառնալ Չեչնիային և ամբողջ Ռուսաստանին: Նրանք կարող են երկու հազար ինքնաթիռ նստել, բայց այդպես էլ չհասնել Ռուսաստան: ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող բոլոր երկրները Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ են սահմանել և ոչնչի չեն հասել, իսկ հիմա ոմն անլվա քրեական հանցագործ որոշել է  աչքի ընկնել՝ շնիկի դեր ստանձնելով:

Ես ողջ պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նա, ում մտքով կանցնի սպառնալ Ռուսաստանին և մեր երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի անունը տալ, կոչնչացվի հենց տեղում, որտեղ դա արել է: Մենք չենք սպասի, որ նա նստի ինքնաթիռի ղեկին: Նա կգնա այնտեղ, որտեղ փտում են իր ահաբեկիչ եղբայրները՝ Խատաբը, Աբու Վալիդը և Արևմուտքի մյուս պատվիրակները: Հենց ՄԵՆՔ ենք Ալլահի ու նրա Մարգարեի ճանապարհը բռնել, ուր մեզ դուրս է բերել Չեչնիայի Առաջին Նախագահ, Ռուսաստանի հերոս Ահմատ-Հաջի Կադիրովը: Դա հանուն Ալլահի՝ Գազավաթի ուղին է, նրանց ոչնչացման ուղին, ում անիծել է Պատգամաբերը: Մենք նրանց իսպառ ոչնչացրել ենք Չեչնիայում, երբ նրանց ուժերը տասնյակ հազարների էին հասնում, իսկ հիմա կոչնչացնենք նրանց, ում խելքին կփչի անգամ ծուռ նայել Չեչնիային, որը Ռուսաստան է:

Ուզում եմ բոլորին հիշեցնել, ովքեր ինչ-որ բան են նյութում մեր երկրի դեմ. Ռուսաստանն արժանավոր զավակներ ունի, ովքեր պատրաստ են կատարել ցանկացած հրաման, ցանկացած թշնամու վիզը ջարդել իր իսկ որջում, որտեղ էլ որ նա լինի: Եվ մենք երջանկություն ենք համարում աշխարհը նման տականքներից ազատելը: Սիրիայի և Իրաքի գրոհայիններին ինքնին իրենցից ոչինչ չեն ներկայացնում: Դրանք բանդիտներ են, որ պատրաստվել ու զինվել են ԱՄՆ-ում և Արևմուտքում՝ նրանց ձեռքով ոչնչացնելու համար իսլամական ուժեղ և հարուստ երկրները: Նրանք գաղափար անգամ չունեն, թե ինչ են Ղուրանն ու Սուննան: Ես շեշտում եմ, որ նրանք իրենց կյանքն ավարտելու են Սիրիայի և Իրաքի արևի բարկ ճառագայթների տակ, և մահվան առաջին իսկ ակնթարթին նրանց դիմավորելու է Դժոխքի հավերժական կրակը»: Փոխանցում է echo.msk.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Օբամա. Անհրաժեշտ է աջակցել Ուկրաինային՝ Ռուսաստանի լկտի ագրեսիայի պայմաններում’
Հաջորդ հոդվածը‘Պոռոշենկոն ազդարարել է կրակի դադարեցման հրամանի մասին ‘