‘Օբամա. Անհրաժեշտ է աջակցել Ուկրաինային՝ Ռուսաստանի լկտի ագրեսիայի պայմաններում’

982

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը BBC-ին տված հարցազրույցում նշել է, որ Ուկրաինայում իրավիճակի խաղաղ կարգավորման Պուտինի ծրագիրն «անկեղծ» չի համարում: «Կարծում եմ՝ ռուսներն անկեղծ չեն կրակի դադարեցման հարցում: Նրանք շարունակում են ապակայունացնել իրավիճակը Ուկրաինայի արևելքում»,- ասել է Ռասմուսենը:

Ուելսում այսօր մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը պետք է հաստատի մի քանի հազարանոց արագ արձագանքման ուժերի ստեղծումը՝ Եվրոպայի արևելյան իր անդամներին Ռուսաստանի ագրեսիայից պաշտպանելու նպատակով: Այդ ուժերը կարող են գործի դրվել երկու օրվա ընթացքում: Եվրոպացի առաջնորդները նաև մտադիր են քննարկել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների նոր փաթեթը: Նախօրեին Ֆրանսիան հայտարարել է, որ հրաժարվում է Ռուսաստանին մատակարարել «Միստրալ» դասի առաջին ուղղաթիռակիրը:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՆԱՏՕ-ի առաջնորդներին կոչ է արել «Ուկրաինային աջակցելու հստակ ուղերձ հղել՝ Ռուսաստանի կողմից լկտի ագրեսիայի պայմաններում»: Ելույթ ունենալով Էստոնիայում, Օբաման հայտարարել է, թե Մոսկվան փորձում է «ավտոմատի փողի տակ» վերաձևել խաղաղ և միացյալ Եվրոպայի սահմանները: Դրանից անմիջապես հետո Պենտագոնը հայտարարեց, որ ԱՄՆ-ը, ի նշան Կիևի հետ համերաշխության, մոտավորապես 200 զինվորական է ուղարկում Ուկրաինա՝  սեպտեմբերի վերջին կայանալիք զորավարժություններին մասնակցելու համար: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Գագաթնաժողովից առաջ Պոռոշենկոն կհանդիպի ՆԱՏՕ-ի ղեկավարության հետ’
Հաջորդ հոդվածը‘Ռամզան Կադիրով. Նա, ում խելքին փչի սպառնալ Ռուսաստանին, կոչնչացվի’