‘Ռաֆայել Թեյմուրազյան. Անհատակ ու անանցանելի ճահիճ’

5351

«Այն մտայնությունը, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, և Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակումը վերացված չէ, մենք լավ չենք ապրելու, անընդունելի է: Մեր երկրի կառավարման թերությունները այդ պատճառով չեն (…): Մենք այս պայմաններում ապրում ենք արդեն 25 տարի: Այս պայմաններին մենք արդեն ընտելացել ենք և հարմարվել: Մեր առաջընթացի հնարավորությունները մենք այս խնդիրների լուծման հետ չենք կապում և չենք կապելու:

Մենք պետք է համակերպվենք այն մտքին, որ Մարտակերտից և Մարտունուց դեպի արևելք և Գյումրուց ու Արմավիրից արևմուտք մենք որևէ իսկական գործընկեր չունենք: Մինչև հիմա ապրել ենք առանց նրանց՝ ապահովելով զարգացման ավելի կամ պակաս տեմպեր: Համարենք, որ այնտեղ անհատակ ու անանցանելի ճահիճ է»:

Սերժ Սարգսյան, 13 փետրվարի, 2016

Երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու հանձնառություն ստանձնած անձն առաջարկում է համակերպվել այն մտքին, որ արտագաղթը ոչ միայն չի դադարելու, այլև՝ է՛լ ավելի է թափ հավաքելու։ Որ կյանքը Հայաստանում ոչ միայն չի բարելավվելու, այլև՝ է՛լ ավելի է վատանալու։ Որ կայուն խաղաղության հեռանկարը ոչ միայն բացառվում է, այլև՝ պատերազմն ու թշնամին մեր անբաժան ուղեկիցն են լինելու։ Որ ուժային կառույցների դերը երկրի ներքին կյանքում ոչ միայն չի նվազելու, այլև՝ է՛լ ավելի է ուժեղանալու։ Որ երկրի ռազմականացումը շարունակվելու է, որ զինվորների «ինքնասպանվելն» ու զոհվելը չեն դադարելու… Կարճ ասած՝ որ խնդիրները ոչ թե պակասելու են, այլև՝ է՛լ ավելի են խորանալու։ Եվ այս ամենի հետ «պետք է համակերպվենք», որովհետև մեկ է՝ դրանք կապ չունեն երկրում կյանքի որակի հետ։

Սա այն դեպքն է, երբ անկեղծորեն պետք է հուսալ, որ այս խոսքերի հեղինակը ծայրահեղ ազգայնական է, ուղնուծուծով դաշնակ կամ միջին վիճակագրական թզբեհ պտտող, որովհետև այլընտրանքը նշանակում է, որ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնում է Ռուսաստանի, Թուրքիայի և/կամ Ադրբեջանի հատուկ ծառայությունների գործակալ։

Նախորդ հոդվածը‘Ցյուրիխ. Լեւոն Արոնյանը եւ Վլադիմիր Կրամնիկը չպարզեցին հաղթողին ‘
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթի» – «Տոտենհեմ»֙ 1:2․ «Տոտենհեմը» երկրորդ հորիզոնականում է (տեսանյութ)’