«Ռեալի» նախագահը վստահում է Անչելոտիին եւ քննարկել է ապագա ծրագրերը

322

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրում «Ռեալ Սոսիեդադից» կրած 0:2 հաշվով պարտությունից հետո Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպում է ունեցել թիմի իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ՝ քննարկելով անհաջող ընթացքը Լա Լիգայի մրցաշրջանի վերջնամասում։

Ֆլորենտինո Պերեսը շարունակում է վստահել Կառլո Անչելոտիին, որի հետ քննարկել է նաեւ հաջորդ մրցաշրջանի ծրագրերը։ Անչելոտիի պայմանագիրն Արքայական ակումբի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Մայիսի 6-ին Սեւիլիայում  անցկացվելիք եզրափակիչում «Ռեալը» «Օսասունայի» հետ կվիճարկի Իսպանիայի գավաթը։ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում իսպանական թիմը մայիսի 9-ին Մադրիդում կմրցի Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ։

Իսպանիայի առաջնության 33 տուրից հետո «Ռեալը» 68 միավորով երրորդ տեղում է եւ 1 միավոր հետ է երկրորդ տեղ բարձրացած Մադրիդի «Աթլետիկոյից»։ Առաջատար «Բարսելոնան» ունի 82 միավոր եւ մնացած 5 տուրում 2 միավոր վաստակելու դեպքում՝ կհռչակվի չեմպիոն։

Նախորդ հոդվածըՀայ ազգային կոնգրեսը ցավակցում է
Հաջորդ հոդվածըՄեսսին ներողություն է խնդրել ակումբակիցներից