‘Ռետրո Մամուլ. Կճոյան – սրբազան – ատրճանակ – սիրուհի – գործակալ(՞) — «Բենթլի» — օֆշոր….’

10381

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը եկեղեցական երկրորդ պաշտոնյան է կաթողիկոսից հետո՝ «Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ» պաշտոնական տիտղոսով։ Նրա առօրյան, սակայն, շատ աշխարհիկ է՝ սկսած կենցաղային շքեղություններից ու վայելքներից, վերջացրած ռեժիմի բարձրաստիճան պաշտոնյաների անբաժանելի շվաքը լինելու հանգամանքով։ Վերջին՝ օֆշորային սկանդալը պատահական չէ։ Այս առիթով արժե նրա կյանքից հիշել մի երկու դրվագ, որ ժամանակին հրապարակվել է մամուլում։ Դրանք , որպես ֆոն՝ հասկանալի են դարձնում, թե ինչու օֆշորային հայտնի սկանդալի մեջ Տիգրան Սարգսյանի հետ հենց Կճոյանը պիտի հայտնվեր, եւ թե ինչու արտառոցագույն այդ փաստը շատ մեծ զարմանք չառաջացրեց, ինչպես դա կլիներ, ասենք, այլ եկեղեցականի դեպքում։ Զարմանալի է, սակայն, որ այն արժանի հակազդում չի առաջացնում Հայ Առաքելական Եկեղեցու վարկին նախանձախնդիր բազմահազար հավատացյալների եւ հենց եկեղեցու շրջանում։

ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻ ԶԵՆՔԸ ՀԱՎԱ՞ՏՆ Է, ԹԵ՞ ԱՏՐՃԱՆԱԿԸ

«Հայկական ժամանակ», 15.11.2007

Հանրապետական կուսակցության վերջին համագումարում, ի պաշտպանություն Սերժ Սարգսյանի թեկնածության, Աստծու զորությամբ բոցաշունչ ճառ է արտասանել Հայ Առաքելական Եղեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։

Արքեպիսկոպոսն ընդհանրապես հայտնի է իր սկանդալային պատմություններով, ինչպես, օրինակ.

1995 թվականին ՀՀ Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը մի գործակալական ահազանգի հիման վրա խուզարկել էր Նավասարդ Կճոյանի՝ Աշտարակում գտնվող տունը եւ հայտնաբերել չորս ատրճանակ, որից հետո ձերբակալել էր եպիսկոպոսին եւ երկու օր պահել կալանքի տակ։ Այնուհետեւ Կճոյանն ազատ էր արձակվել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի միջնորդությամբ։ Բացառված չէ, որ ընկեր Կճոյանը Սերժ Սարգսյանի թիմում հավաքագրվել է հենց այդ թվականին։

Իսկ մի քանի տարի առաջ, երբ Մայր Աթոռ ս. Էջմիածնի հրավերով Հայաստան էր ժամանել Կ. Պոլսի տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը, օդանավակայանից Էջմիածին գնալու ճանապարհին Կճոյանի ավտոմեքենան հավասարվել է պատրիարքի մեքենային, Կճոյանը կատակով ատրճանակը հանել է պատուհանից եւ ուղղել պատրաարքի կողմը, ինչից վերջինս ուշագնաց է եղել։

Մինչդեռ  Կճոյանի հայտնի պլակատում գրված է. “Իմ զենքը իմ հավատն է”։

ԿՐԿԻՆ ԸՆԿԵՐ «ՍՐԲԱԶԱՆ» ԿՃՈՅԱՆԻ ՄԱՍԻՆ

«Հայկական ժամանակ», 20.11.2007

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը իզուր շտապեց պատասխանել մեր մի ռեպլիկին, որ վերաբերում էր նրա արկածախնդրական անցյալի երկու դրվագին: Մենք պարզ, մարդկային նպատակ ունեինք՝ զգուշացնել սրբազանին, որ չարժե կանգնել այն մարդկանց կողքին, որոնց նկատմամբ արժանիորեն համընդհանուր բացասական վերաբերմունք կա: Չարժե, որ Հայ Առաքելական Եկեղեցու սպասավորը, այն էլ՝ արքեպիսկոպոսի աստիճանով, թիկնապահի նման կանգնի քրիստոնական արժեքներից ընդհանրապես հեռու Քոչարյանի թիկունքում: Չարժե, որ հայ եկեղեցու սպասավորը օրհնանքի խոսք ասի ու դիֆերամբներ երգի մի կուսակցության համագումարում, որը նացիզմ (ցեղակրոնություն) է դավանում: Չէ՞ որ «ցեղակրոն» ինքնաբնորոշումն արդեն իսկ նշանակում է քրիստոնեության մերժում: Այս կուսակցությունն, իրոք, մերժում է քրիստոնեությունը եւ համարում, որ հայ ժողովուրդը պատմականորեն կշահեր, եթե պահպանվեր հեթանոսությունը: Հայտնի է, որ նրա առաջնորդները հեթանոսական ծեսերի են մասնակցել:

Իսկ հիմա՝ մեր ռեպլիկի առիթով ընկեր «սրբազանի» տված բացատրության մասին: Նա ասում է. «Ատրճանակի եւ այլ պատմությունները կապված են այլ մարդկանց հետ, ես հանդես եմ եկել որպես միջնորդ» («Առավոտ» 16.11.07): Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ճիշտ է ասում: Հարգելով Հայ Առաքելական Եկեղեցու համարումը եւ չուզենալով վիրավորել նրա հավատացյալներին՝ մենք մի քիչ խմբագրել-մեղմել էինք իրականությունը: Հիշյալ 4 ատրճանակները, մի գործակալի տեղեկացմամբ, Ազգային անվտանգությունը Կճոյանի Աշտարակի տանը չէր հայտնաբերվել, այլ իր (մի անգամ էլ խնայենք սրբազանին եւ մեղմ բառ օգտագործենք) մտերմուհու տանը: Խեղճ կինը ստիպված էր եղել խոստովանել, թե ում են դրանք պատկանում եւ ինչու են իր մոտ պահվում: Ինչից հետո էլ արքեպիսկոպոսը ձերբակալվել էր: Իրենց ուժը չկորցրած համապատասխան փաստաթղթերը հիմա կա՛մ պետք է գտնվեն ԱԱ համապատասխան գործում, կա՛մ՝ Սերժ Սարգսյանի դարակում:

 

 

 

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. ԿՀՎ-ի ղեկավարը գաղտնի այց է կատարել Մոսկվա’
Հաջորդ հոդվածը‘Արտակ Բուդաղյանը հարցաքննվել է որպես վկա’