‘Ռետրո մամուլ. Հայկ Բաբուխանյան. 2004-ի ջարդը կազմակերպել են Սերժ Սարգսյանն ու իր խունտան ‘

2485

Շատ է գրվել եւ խոսվել այն մասին, թե ովքեր են Սերժ Սարգսյանի հենասյուները: Գործող նախագահը անբացատրելի սեր է տածում նրանց հանդեպ, ովքեր իրեն քննադատել են, մեղադրել տարատեսակ հանցանքների եւ զանցանքների մեջ: Արտաշես Գեղամյանի եւ նրա նմանների կողքին իր պատվավոր տեղն ունի նաեւ ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը: Ահա թե ինչ է մտածել Սերժ Սարգսյանի մասին այսօր Սերժ Սարգսյանին կրծքով պաշտպանող Բաբուխանյանը: 

Բաց նամակ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանին

 

Արդեն որերորդ դեպքն է, որ լրագրողների վրա հարձակումների կապակցությամբ Դուք լռում եք, ոչ մի դատապարտման խոսք: Գուցե չե՞ք զգում Ձեր պատասխանատվությունը, գուցե ամաչո՞ւմ եք, իսկ գուցե անտարբե՞ր եք կամ էլ չարախնդո՞ւմ եք… Բոլոր դեպքերում նյարդայնացած եք, եւ Ձեր ջղաձիգ արձագանքը Հ. Գալաջյանի այն ակնարկին, որ իր վրա հարձակումը առնչվում է Ձեր դեմ քննադատական հոդվածի հետ, թույլ է տալիս լրջորեն կասկածելու, որ Հ. Գալաջյանի վարկածը շատ մոտ է իրականությանը եւ դիպել է նշանակետին:
Ի վերջո, Դուք եք Ձեզ դրել Հայաստանում երկրորդ իսկ երբեմն առաջին պաշտոնյայի դիրքերում` այդ դիրքերում այդ դիրքերը անընդհատ ամրացնելով նորանոր պաշտոններով (ԵՊՀ-ի եւ ՀՀԿ-ի խորհուրդների նախագահն արդեն չափ զգացողության կորստի մասին է վկայում): Դուք անգամ մի պահ պատկերացրել եք Ձեզ Աստծո Հայաստան երկրում տեղակալի տեղը` նշելով, որ բոլոր հայաստանյան գործընթացներում եւ իրողություններում «Ձեր մատը խառն է»…
… Սակայն Ձեր արձագանքը ինձ մեկ անգամ եւս հիասթափեցրեց , չէի կարծում, որ Դուք այնքան եք Ձեզ մի կողմ դրել պետական ղեկավարի դիրքերից եւ այնքան եւ այնքան եք տարվել խմբակային խաղերով եւ շահերով, որ թույլ կտաք Ձեզ հրապարակային վիրավորանքներ երկրի ամենազանգվածային թերթի խմբագրի հասցեին, որն այդ օրերին հարձակումնների էր ենթարկվում…
… Բազմաթիվ մարդիկ Ձեզ մեղադրում են, որ հոկտեմբերի 27-ի գործի քննությունը վերածել եք խեղկատակության, մինչեւ այժմ չեք բացահայտել բազմաթիվ հայտնի մարդկանց սպանությունները, մահափորձեր, հարձակումներ, ավտովրաերթեր եւ այլն…
… Եւ ո՞վ կազմակերպեց (2004-ի – խմբ.) ապրիլի 12-ի ջարդը՝ Դուք եւ ձեր խունտան: Ինչի՞ համար` իշխանությունը պահելո՞ւ: Թվարկվածը ընդամենը փոքր մասն է այն փաստարկների, որոնց հիման վրա ժողովրդի մեծ մասը, այդ թվում եւ՛ ես, եւ՛ Գալաջյանը, կարծում ենք, որ քաղաքական բնույթի պատահարները ուղղակի առնչվում են իշխանությանն ընդիմադիր լինելու հանգամանքին…
… Բայց եթե մենք`որպես Հայաստանի քաղաքացի, «խղճուկ» ենք, չի նշանակում, որ դուք, Ձեզ երկրի տեր պատկերացնելով, հզոր եք: Իր երկրի քաղաքացիներին անիրավ ստրկական վիճակի մեջ դնող, կիսաքաղց պահող իշխանությունն էլ ավելի խղճուկ է: Ձեր պերճանքին, մոնտեկառլոներին, փող ու զարդերին, կոստյում-ավտոներին մի խաբվեք` դրանք անցողիկ են եւ հզորությունը դրանց մեջ չէ: Չգիտեմ, թե դուք, ասելով պայքարում եք «հզորների» դեմ, ում նկատի ունեիք: Ինձ համար հզոր էին օրինակ Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը (թեեւ շատ հարցերում նրանց հետ համակարծիք չէի), Սիլվա Կապուտիկյանը: Իսկ ձեզ համար նրանք հզո՞ր էին: Ես չեմ տեսնում, որ դուք պայքար եք հզոր կոռուպցիայի ու կեղծիքի, համատարած աղքատության ու անարդարության դեմ: Փոխարենը դուք պայքարում եք ընդդիմադիրների ու լրատվամիջոցների դեմ` գուցե հենց դրանց ենթագիտակցորեն հզոր համարելով:
Ի վերջո, թե ով է հզորը եւ ով է խղճուկը, որոշում է ժողովուրդը, մեր համաքաղաքացիները եւ ժամանակը: Կյանքը վայրիվերումներ ունի` կարծեցյալ հզորները կարող են մեկ ակնթարթում դառնալ խղճուկ, իսկ խղճուկ թվացողները` հզոր: Երբ մի կողմ կդնեք ձեր պաշտոնը, թիկնապահներին, քծնողներին եւ պնակալեզներին, երբ դուրս գաք իշխանությունից, առաջարկում եմ Հ. Գալաջյանի հետ զբոսնել Երեւանի փողոցներով, գնաք Հայաստանի մարզերը եւ գյուղերը եւ դուք կհամոզվեք, թե արդյոք ո՞վ է խղճուկը…

Հայկ Բաբուխանյան
Իրավունք
Սեպտեմբերի 12-14, 2006թ.
Թիվ 69 (1325)

 

 

Նախորդ հոդվածը‘Նոր նշանակումներ ԼՂՀ կառավարությունում’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիայի իշխանությունները ձերբակալել են 80 խորվաթ երկրպագուների ‘