‘Ռոմարիո. Հավաքականի մարզիչը վախկոտ է’

908

Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսեֆը պետք է միջամտի երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի գործերին: Այս մասին հայտարարել է Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող, 46-ամյա Ռոմարիոն, որը կանխատեսել է բրազիլացիների ձախողումը Բրազիլիայում 2014թ. կայանալիք աշխարհի առաջնությունում, եթե թիմի մարզչի պաշտոնում շարունակի մնալ Մանո Մենեզեսը:
Ռոմարիոն հավաքականի մարզչին մեղադրել է նրանում, որ նա «վախկոտ» է եւ ի վիճակի չէ իր թիմին արդյունավետություն հաղորդել:
«Եթե բրազիլացիները ներկայիս կազմով մասնակցեն աշխարհի առաջնությանը, ապա նրանք խմբային փուլից այն կողմ չեն գնա»,- ասել է հանրահայտ ֆուտբոլիստը, որը ներկայումս Բրազիլիայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչ է:
«Որքա՞ն պիտի այս խայտառակությունը շարունակվի: Երկրի նախագահ Դիլմա Ռոուսեֆը պետք է Սպորտի նախարարության հետ միասին ինչ-որ քայլեր ձեռնարկի: Նա միջամտելու լիարժեք իրավունք ունի»:
Իրենց վերջին ընկերական խաղում բրազիլացիները պարզապես կորզեցին հաղթանակը Արգենտինայի հավաքականից` 2:1: Հաղթական գնդակը խաղի վերջին րոպեին խփեց բրազիլացիների հարձակվող Նեյմարը:
Սակայն բրազիլացի երկրպագուները խաղի ընթացքում սուլում էին Մենեզեսի հասցեին եւ վանկարկում Լուիս Ֆելիպե Սկոլարիի անունը, ում գլխավորությամբ բրազիլացիները 2002 թվականին հինգերորդ եւ վերջին անգամ դարձան աշխարհի չեմպիոն: Ակնհայտ է, որ հենց այս մասնագետին են բրազիլացի երկրպագուները ցանկանում տեսնել թիմի ղեկին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Երկու ամիս հետո կայանալիք մենամարտի տոմսերը սպառվել են’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում դատապարտվել են պետական հեղաշրջման 322 կազմակերպիչներ’