‘Ռուբեն Հակոբյան. Գևորգ Կոստանյանի անձը մեզ համար ընդունելի է’

2280

«Ժառանգություն» խմբակցությունն Ազգային ժողովի քառօրյաները եռօրյա դարձնելու առաջարկ կներկայացնի: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: «Այն պատգամավորները, ովքեր խորհրդարանում իսկապես աշխատում են, շատ են հոգնում, և նրանց համար դժվար է հինգշաբթի օրերին աշխատել»,- «Արմենպրեսի» հաղորդմամբ` ասել է նա՝ ընդգծելով, թե դա է պատճառը, որ հինգշաբթի օրերին նիստերի դահլիճը հիմնականում դատարկ է լինում:

Անդրադառնալով Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից հեռացնելու՝ Հովիկ Աբրահամյանի որոշմանը՝ Ռուբեն Հակոբյանը նշել է, որ ԱԺ նախագահն այդ հարցը քննարկել է խմբակցության ղեկավարների հետ: «Ես կարծում եմ, որ Հովիկ Աբրահամյանը պետք է ասեր նաև, թե որ խմբակցության ղեկավարն ինչ տեսակետ է հայտնել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ինքը դեմ է արտահայտվել այդ հայտարարությանը՝ առաջարկելով սպասել Զարուհի Փոստանջյանի վերադարձին:

Նա նշել է, որ իրենք խմբակցությունում քննարկելու են Զարուհի Փոստանջյանի հետ կապված միջադեպը: «Հարցը քննարկելուց և մանրամասներին ծանոթանալուց հետո մենք հանդես կգանք մեր գնահատկաններով»,- ասել է Հակոբյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում քաղաքական ամբիոնը պետք է օգտագործվի քաղաքական հարցերի համար:

Անդրադառնալով ավարտված քառօրյայի ընթացքում խորհրդարանի աշխատանքին` նա նշել է, որ քառօրյան լարված էր, քանի որ շատ կարևոր հարցեր էին դրված քննարկման: «Մենք քննարկում էինք գլխավոր դատախազի նշանակման հարցը, ինչպես նաև համաներումը»,- ասել է նա:

Հակոբյանը նշել է, որ գլխավոր դատախազի պաշտոնում Գևորգ Կոստանյանի անձն իրենց համար ընդունելի է, սակայն մեկ անհատով համակարգը փոխել հնարավոր չի լինի: 

Նախորդ հոդվածը‘Արգենտինայում նախկին նախագահին դատում են ընդդիմադիրներին կաշառելու համար’
Հաջորդ հոդվածը‘Նախաքննական կեղծիքները չպետք է անհետևանք մնան. Նամակ գլխավոր դատախազին’