‘Ռուբեն Հակոբյան. Երկխոսությունը պետք է ընդունվի՝ պայմանով’

1138

Երկխոսության առաջարկությունը պետք է ընդունվի, եթե երկխոսության արդյունքում լինելու են  հստակ ոչ կոսմետիկ լուծումներ: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը։

Սերժ Սարգսյանը, հիշեցնենք, երեկ պատասխանելով նոր արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ հրավիրելու կամ  առնվազն 8 պաշտոններ զիջելու, ընտրակեղծարար մարզպետներին պաշտոնանկ անելու` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին առաջարկներին, պատրաստակամություն է հայտնել երկխոսել և հորդորել է Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը:

«Որքան էլ ինձ հասցեագրված գրավոր նյութը հեռու է պետության և պետական իշխանության ձևավորման վերաբերյալ պատշաճ պատկերացումներից և ուղղակիորեն հակասում է գործող սահմանադրական կարգավորումներին, այն, այդուհանդերձ, կարող է օգնել արդյունավետ երկխոսություն սկսելու համար: Ես վստահ եմ, որ եթե մենք սկսենք միասին նպատակադրված աշխատել, հիմնվելով պատկերացումների ընդհանրությունների վրա, հաստատապես արդյունքի կհասնենք», — նշել է Սերժ Սարգսյանը:

«Պարզ է, որ կա այդ երկխոսության առաջարկություն։ Իհարկե, ես կխուսափեի որոշ բառերից, որոշ գնահատականներից՝ առաջարկության հետ կապված, բայց հիմա այս պահին դա երկրորդական ենք դիտում», — ասել է Ռուբեն Հակոբյանը՝ շարունակելով. — «Կա հարթակ երկխոսելու, և այդ երկխոսությունը, բնականաբար, իմ կարծիքով, պետք է ընդունվի, բայց նաև այն պայմանով պետք է ընդունվի, որ երկխոսության արդյունքում լինեն այնպիսի լուծումներ, որոնք կոսմետիկ չեն լինի, համարժեք կլինեն այսօրվա իրավիճակին»։

«Եվ իրոք, շատ ավելի ցանկալի է, շատ ավելի տրամաբանական է, որ այս լարվածությունը, որը առաջացել է նախագահական ընտրություններից հետո, այս լարվածությունը լուծվի երկխոսության ճանապարհով, բայց պետք է դա բավարարի ոչ միայն մեզ, Րաֆֆի Հովհաննիսյանին, այլև՝ ժողովրդին։ Ի վերջո, եթե անկեղծ լինենք, դա ավելի շատ հրապարակի ժողովրդի նաև առաջարկությունն էր, որը ընթերցվեց Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից», — ընդգծել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը։

«Ձեր կարծիքով, արժե՞, որ Րաֆֆի Հովհաննիսյանը որոշակի զիջումների գնա, քանի որ Սերժ Սարգսյանը իր պատասխանում այդ պահանջները որակել է «շատ հում», — հարցին Ռուբեն Հակոբյանը արձագանքել է. — «Կքննարկենք և քննարկման արդյունքում արդեն այդ դիրքորոշումը կարտահայտենք»։

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն կոչ է անում բացահայտել «մարտի 1-ին արձնագրված 10 մահվան դեպքերը» ‘
Հաջորդ հոդվածը‘Աֆղանստանում յոթ մահապարտներ հարձակվել են ոստիկանության վարչության վրա’