Ռուբեն Վարդանյանի զավակները օգնութուն են խնդրում աշխարհի առաջնորդներից

418

Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի զավակները հայտարարել են, որ չեն կարողանում տեղեկություններ ստանալ իրենց հոր վիճակի մասին։

«Մենք՝ Ռուբեն Վարդանյանի չորս զավակներս, դիմում ենք աշխարհի առաջնորդներին, իրավապաշտպաններին և զանգվածային լրատվամիջոցներին՝ խնդրելով օգնել ազատ արձակելու մեր հորը Ադրբեջանի տարածքում ապօրինի կալանքից։ Ձերբակալությունից հետո մենք հնարավորություն չենք ունեցել կապվելու նրա հետ և տեղեկանալու նրա վիճակից։ Մենք չգիտենք՝ ինչպես են նրա հետ վարվում, և վախենում ենք նրա կյանքի և առողջության համար»,- ասվում է հայտարարության մեջ, որ հրապարակվել է Վարդանյանի Telegram ալիքում։

Հայտարարության մեջ հարազատները նշում են, որ չեն ուզում՝ Վարդանյանը «տարածաշրջանում քաղաքական հակամարտության հերթական զոհը դառնա»։

«Նրա առաքելությունը միշտ էլ եղել է այդ հակամարտության լարվածությունը թուլացնելը և խաղաղ լուծում գտնելը։ Ռիսկը, որ այլևս երբեք նա չի վերադառնա, և մենք նրան է՛լ չենք տեսնի, աճում է օր օրի։ Մենք ձեզ կոչ ենք անում հանդես գալ ի պաշտպանություն մեր հոր և բոլոր անարդար ձերբակալված հայերի իրավունքների և հասնել նրանց անհապաղ և առանց պայմանների ազատագրմանը։ Ոչ մի մարդ չպետք է հետապնդումների ենթարկվի ու զրկվի ազատությունից իր համոզմունքների, դավանանքի կամ ազգության պատճառով»,- ընդգծված է հայտարարության մեջ։

Նախորդ հոդվածըՄոլդովան հրաժարվել է գազ գնել «Գազպրոմից»
Հաջորդ հոդվածըԲերբոք․ ԵՄ-ն շուտով կտարածվի Լիսաբոնից մինչև Լուգանսկ