‘Ռուսաստանի իշխանությունները քննարկում են գլոբալ համացանցից անջատվելու հնարավորության հարցը’

1018

Եկող շաբաթվա ընթացքում Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ նախատեսված են մի շարք միջոցառումներ՝ նվիրված արտակարգ իրավիճակներում ինտերնետ ցանցի ռուսաստանյան հատվածի աշխատանքին, հաղորդում է «Ведомости»-ն: Մասնավորապես՝ Ռուսաստանի անվտանգության խորհրդում  այդ թեման կքննարկվի առաջիկա երկուշաբթի՝ սեպտեմբերի 22-ին, նախագահ Պուտինի մասնակցությամբ: Ռուսաստանի կապի և հաղորդակցության նախարարությունը նախագահին կզեկուցի հուլիսյան հետազոտության արդյունքները, որի նպատակն էր ստուգել Ռուսաստանի տարածքում ինտերնետի աշխատանքի կայունությունը և կանխարգելել խափանումները՝ թշնամական «նպատակաուղղված գործողությունների» դեպքում: Նախատեսվում է ընդունել մի շարք որոշումներ, որոնք կամրացնեն համաշխարհային ցանցի ռուսաստանյան հատվածի ինքնավարությունը: Մասնավորապես՝ կարող է մտցվել ինտերնետի կարգավորման հատուկ կարգ, որը կնախատեսի նաև Ռուսաստանի անջատման հնարավորությունը համացանցից: Խոսքը համացանցից ընդմիշտ անջատվելու մասին չէ: Սակայն ռուսաստանյան օպերատորները պետք է սարքավորումներն այնպես հարմարեցնեն, որ արտակարգ իրավիճակի դեպքում հնարավոր լինի ռուսաստանյան ինտերնետն անջատել համաշխարհային ցանցից: Արտակարգ իրավիճակներ կարող են համարվել ինչպես ռազմական գործողությունները, այնպես էլ, օրինակ, երկրի ներսում բողոքի ակցիաները, հաղորդել է «Ведомости»-ի զրուցակիցը և հիշեցրել, որ 2011 թ. Եգիպտոսում հուզումների շրջանում իշխանությունները ողջ երկրում անջատել էին համացանցը և բջջային կապը: 

Նախորդ հոդվածը‘Տեխնիկական խնդիրների պատճառով iLur-ը չէր թարմացվում ‘
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն պարտավորեցրել է վերադարձնել ժամացույցները ‘