‘Ռուսաստանի հարցերով ԵԽԽՎ համազեկուցողը Միխայիլ Խոդորկովսկուն քաղբանտարկյալ է համարում’

1005

Ռուսաստանի հարցերով ԵԽԽՎ համազեկուցող, ռումինացի պատգամավոր Գեորգի Ֆրունդան հայտարարել է, որ ЮКОС նավթարդյունաբերական ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու դատական գործը  «քաղաքական դրդապատճառներ ունեցող քրեական հետապնդման վառ օրինակ է»:

«Խոդորկովսկին  քաղբանտարկյալի դասական օրինակ է: Ընդդիմությանը հարող իրավապաշտպանների հետապնդումը բազմաթիվ դեպքերում քաղաքական հիմքեր ունի: Այս ամենը մեծ վտանգ է ներկայացնում երկրի ժողովրդավարական սկզբունքների համար»,- ասել է համազեկուցողը:

Ռուսատանում անցկացված ԵԽԽՎ մոնիթորինգի զեկույցում (որը նախատեսվում է քվեարկության դնել այսօր) ասվում է. «2010թ. Խոդորկովսկու գործով կայացրած՝ ևս վեց տարի ազատազրկում ավելացնելու մասին դատավճիռը ցույց է տալիս, որ Ռուսաստանում դատական համակարգը գործադիր իշխանության ազդեցության տակ է», — հաղորդում է ИТАР-ТАСС լրատվականը:

Հիշեցնենք, որ 2001թ. խոշոր ձեռներեց, հրապարակախոս և հասարակական գործիչ  Մ. Խոդորկովսկին ձերբակալվել է և երկարատև ազատազրկման դատապարտվել: Իսկ նրա գլխավորած ЮКОС ընկերությունը սնանկացման է ենթարկվել և փակվել:

Դեպքը մեծ արձագանք է գտել միջազգային հանրության և հասարակության շարքերում: Բազմաթիվ իրավապաշտպանների պնդմամբ՝ Խոդորկովսկու նկատմամբ հարուցված գործը ոչ այլ ինչ է, քան ընդդիմադիր  քաղաքական գործչին լռեցնելու փորձ:

Լուսանկարում՝ Գեորգի Ֆրունդան

Նախորդ հոդվածը‘Ցուկերբերգի հանդիպմանը ուսանողների հետ կմասնակցի 2000 մարդ’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» շարունակում է լավագույնը մնալ’