‘Ռուսաստանցի իրավապաշտպաններն առաջարկում են հավասար հարթության վրա դնել կրոնական զգացմունքներն ու հայրենասիրությունը ‘

742

ՌԴ մարդու իրավունքների գծով նախագահական խորհուրդն առաջարկել է պատրիոտիզմը, պացիֆիզմը և «տարբեր հասարակական խմբերի համար բարձր արժեք ունեցող» այլ զգացմունքներ հավասարեցնել հավատացյալների զգացմունքներին: Այս մասին այսօր հայտնել է  Известия-ն՝ հղում անելով Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) անդամներ Վլադիմիր Ռյախովսկուն և Իոսիֆ Դիսկինին: Վերջիններս առաջարկում են կրոնական զգացմունքները վիրավորելու վերաբերյալ օրենքի նախագծում լրացումներ կատարել՝ այդ օրենքի գործողությունը տարածելով նաև այլ բարոյական զգացմունքների վրա:

Նախագահի աշխատակազմում, ըստ Известия-ի, կողմ են օրենքի գործողության ոլորտի  ընդլայնման գաղափարին: ՄԻԽ-ում հավատացյալների զգացմունքները վիրավորելու վերաբերյալ օրենքի նախագծի լրացումների քննարկումը  կկայանա հունվարի 23-ին, որից հետո իրավապաշտպաններն իրենց առաջարկությունները կներկայացնեն նախագահ Վլադիմիր Պուտինին:

Հավատացյալների զգացմունքները վիրավորելու վերաբերյալ օրենքի նախագիծը, որը, որպես պատիժ, հինգ տարվա ազատազրկում է նախատեսում, պետդումայի քննարկմանն էր ներկայացվել 2012 թ. սեպտեմբերի 26-ին: Նոյեմբերին ոչ միանշանակ ձևակերպումների համար խիստ քննադատության ենթարկված օրենքի ընդունումը կասեցվել էր՝ մինչև 2013 թ. գարուն:

Նախորդ հոդվածը‘ՀՀ գլխավոր թունաբան. Ալկոհոլային թունավորման դեպքերի պատճառը ոչ թե խմիչքի որակն է, այլ՝ քանակը’
Հաջորդ հոդվածը‘Հերթական պայթյունը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում’