‘Ռուս փորձագետ. Ուկրաինայում Արևմուտքը փորձում է պատժել Ռուսաստանին ‘

922

Ուկրաինայում Արևմուտքը փորձում է պատժել Ռուսաստանին սիրիական, իրանական և տարածաշրջանային այլ ճգնաժամերի կարգավորման հարցում չափազանց ինքնուրույն քաղաքականության համար: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Մոսկվայի հասարակաքաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեևը:

«Իրականում Ուկրաինայի շահերը քչերին են հուզում: Վերջինիս օգտագործում են ընդամենը որպես ՌԴ նկատմամբ ճնշման գործիք: Չէ՞ որ Կիևին ԵՄ-ում ոչ ոք չի սպասում, և ոչ ոք չի պատրաստվում իր սահմանները բացել ուկրաինացիների համար: Քաղաքական տեսակետից Արևմուտքի համար ավելի ձեռնտու է տնտեսական քաոսը և անիշխանությունն այնտեղ, քանի որ դա խնդիրներ կստեղծի մերձակա ռուսական տարածքների համար: Այս առումով շատ մարդկանց, ովքեր այդքան ցանկանում էին Վիկտոր Յանուկովիչի իշխանության տապալումը, խորը հիասթափություն է սպասում»,- հայտարարել Եվսեևը:

Փորձագետի կարծիքով, ի տարբերություն Արևմուտքի` Ռուսաստանը չէր պատրաստվում ակտիվորեն միջամտել Ուկրաինայի գործերին: Բայց, ըստ նրա, Ռուսաստանին այնպիսի պայմաններում են դրել, երբ արդեն չէր կարող չարձագանքել: Եվսեևը նշել է, թե, իհարկե, կարելի է դատապարտել Ուկրաինայի տարածքում ՌԴ ԶՈւ օգտագործման վերաբերյալ Դաշնության խորհրդի որոշումը, կամ Վլադիմիր Պուտինի ինչ-որ որոշումներ, բայց դրանք ըստ նրա՝ պայմանավորված են իրավիճակով, որոնք Արևմուտքը գիտակցաբար ստեղծել է:  

«Արևմուտքը սխալ հաշվարկ է կատարել`մտածելով, թե Մոսկվան ոչ մի կերպ չի արձագանքի դրան: Այնտեղ գերագնահատել են սեփական քաղաքական և տնտեսական հնարավորությունները, հաշվի չեն առել ԵՄ տնտեսությունում ՌԴ խորը ներգրավվածությունը և ռուսամետ լուրջ տրամադրությունները Ուկրաինայի արևելքում ու հարավում: Հաշվի չեն առել, որ 2013 թ. Ռուսաստանի ընդհանուր ապրանքաշրջանառությունը եվրոպական պետությունների հետ կազմել է $410 մլրդ: Արդյունքում՝ սկսվել է Ուկրաինայի`որպես միասնական պետության, փլուզման գործընթացը»,- հայտարարել է Եվսեևը:

Նախորդ հոդվածը‘Ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (Ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Ամեն մեկն իր «արշինով»’