‘Սահմանադրությունը ոտքիս տակ, սարից իջա ես քաղաք’

3921

ՀՀԿ խորհրդի նիստում իր հայտնի «ծրագրային» ելույթում, որն ամբողջությամբ նվիրված էր ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի անձին, Սերժ Սարգսյանը, անձնական վիրավորանքներով համեմված «քաղաքական» գնահատականներից բացի, փորձեց նաեւ իրավական գնահատականներ տալ Ծառուկյանի գործունեությանը: Մասնավորապես, նա խոսեց «տարիներ շարունակ օդում կախված՝ չմուծված միլիարդավոր դրամ հարկերի» եւ «բազմաթիվ քրեական հանցագործությունները քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերի» մասին՝ հրահանգելով համապատասխան իրավապահ մարմիններին «ստուգել» այդ լուրերը:

Բացի դրանից, Սերժ Սարգսյանը նշեց, որ ԱԺ գումարած 145 նիստերից Գագիկ Ծառուկյանը մասնակցել է միայն 4-ին: Նա հանձնարարեց Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց նախաձեռնել: Իրավունքի տեսության մեջ մի հայտնի սկզբունք կա, որը հայտնի է նույնիսկ դիլետանտներին: Համաձայն դրա՝ քաղաքացուն թույլատրված է անել այն ամենն, ինչ արգելված չէ օրենքով, մինչդեռ պաշտոնատար անձը կարող է անել միայն այն, ինչ իրեն վերապահված է օրենքով: Այդ թվում Սերժ Սարգսյանը, որպես նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ, իրանվունք ունի կատարել բացառապես օրենսդրությամբ նախագահին վերապահված գործողություններ: Տվյալ դեպքում լիազորությունների սահմանը գծում է Սահմանադրության 55-րդ հոդվածը, որը որեւէ հնարավորություն չի տալիս նախագահին՝ հանձնարարելու իրավապահներին հարկերից խուսափելու կամ քրեական հանցանքների դեպքերով քննություն սկսել: Առավելեւս, նա իրավասու չէ հրահանգելու Ազգային Ժողովին՝ իրականացնել, ըստ էության, «ներգերատեսչական» գործառույթներ՝ քննել պատգամավորին մանդատից զրկելու նպատակահարմարության հարցը: Իրավապահ մարմիններն իրե՛նք են պարտավոր հայտնաբերել քրեական կամ տնտեսական հանցանքները եւ համապատասխան իրավական գործընթացներ իրականացնել դրանց կապակցությամբ: Նույնը վերաբերում է ԱԺ-ին: 

Հետեւաբար, Սերժ Սարգսյանն իր հայտարարության մեջ գերազանցել է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները՝ լրացուցիչ հիմքեր ստեղծելով իր պաշտոնանկության համար: Այն, որ Սերժ Սարգսյանն այս հայտարարություններն անելիս գտնվում էր ոչ թե Բաղրամյան 26, այլ Մելիք-Ադամյան 2 հասցեում, ամենեւին չի փոխում պատկերը, որովհետեւ իր ելույթում Սարգսյանը սպառնում է գործի դնել հենց պետական կառավարման լծակները՝ իր անձնական կամ կուսակցական շահերին ծառայեցնելով պետական մարմինների՝ ֆինանսների նախարարության, ոստիկանության եւ ԱԺ աշխատակազմի ռեսուրսները:

Սերժ Սարգսյանն, իհարկե, տեսականորեն կարող է, որպես քաղաքացի, իրավապահներին հաղորդում ներկայացնել ինչ-որ հանցագործության մասին: Սակայն, այն դեպքում, երբ նա տարիներ շարունակ ինչ-ինչ պատճառներով, իր իսկ խոսքով, «հանդուրժել է» պետությանը հսկայական վնասներ հասցրած «հանցագործությունները», ապա այստեղ խոսքը «զուտ» իրավական հարթությունում լինել չի կարող. Սարգսյանը` քաղաքական հակառակորդի նկատմամբ հաշվեհարդարի նպատակով, գերազանցելով իր լիազորություններն ու չարաշահելով պաշտոնական դիրքը, օգտագործում է իր ունեցած պետական կառավարման լծակները:

 

 

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուի վատագույն ցուցանիշը’
Հաջորդ հոդվածը‘Անչելոտի. «Ռոնալդուն թիմին կարող է օգտակար լինել նաև առանց գոլերի»’