‘Սահմանին կպած. Երասխի գինու գործարանը տանուլ է տալիս «գյադաների համակարգին»’

6104

Հայ-ադրբեջանական սահմանից բառացիորեն մի քանի տասնյակ մետրի վրա՝ Նախիջեւանին կպած, Երասխ գյուղի գինու գործարանը տեւական ժամանակ է, ինչ չի կարողանում վերսկսել արտադրությունը՝ խանգարում են տարատեսակ ու հաճախ արհեստականորեն ստեղծված խնդիրները: Դեռեւս 1969-կառուցված գործարանը վերջին տարիներին զբաղվում էր գինու, կոնյակի ու մրգօղու արտադրությամբ՝ գրեթե ողջ արտադրանքն արտահանելով Ռուսաստան, ԱՄՆ ու այլ երկրներ: Լավագույն տարիներին այստեղ աշխատում էր մինչեւ 120 հոգի՝ հիմնականում տեղի բնակիչներ:

Գործարանի սեփականատեր Ռազմիկ Թեւոնյանը iLur.am-ի հետ զրույցում նշեց, որ վերջին շրջանում գործարանի աշխատանքը գրեթե անհնարին է դարձել մի քանի պատճառներով: Նախ՝ կառավարության վարած մաքսային ու հարկային օրենսդրությունը, որը գործարարին ստիպում է արտադրական գործընթացի հենց սկզբից խոշոր ծավալի ծախսեր անել՝ անհարկի մեծացնելով արտադրանքի ինքնարժեքն ու դրանով անմրցունակ դարձնելով այն արտաքին շուկայում:

«Մի քանի տարի առաջ թույլատրվում էր ժամանակավոր ներմուծման ռեժիմով առանց հարկման օժանդակ ապրանքներ (շիշ, պիտակ, խցան, եւ այլն) ներմուծել: Այդ ժամանակ ահագին առաջընթաց կար: Բայց հիմա չենք կարողանում արտադրել, որովհետեւ ներմուծելուց ապրանքի վրա արդեն 32% հարկ է գալիս: Բացի դրանից, օրինակ, շիշը ներմուծում ենք հատը 2,5 եվրոյով, ինչը փաստաթղթերում` ինվոյսում սահմանված է, բայց մաքսատանը դրա արժեքը սահմանում են 5 եվրո՝ կրկնակի ավել: Դե հաշվեք, թե համաչափորեն որքան է ավելանում հարկը», — նշեց գործարարը:  

Ռազմիկ Թեւոնյանի խոսքով, ներմուծման պահին հարկված գումարը պետությունը վերադարձնում է 180 օր հետո միայն: «Էդ ո՞ր գործարանն էդքան միջոց ունի, որ անընդհատ 32 տոկոսը տա, ու ուշացմամբ հետ վերադարձնի կամ չվերադարձնի», — տարակուսեց նա: Բացի դրանից, ըստ գործարարի, խախտվում են գնորդների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածությունները, արդյունքում՝ արտադրությունը ստիպված կանգ է առնում:

Գործարարի խոսքով, հավելյալ խնդիր է առաջացրել նաեւ Մաքսային միությանն անդամակցությունը. թեեւ ՄՄ երկրներից ներմուծում անելիս մաքսատուրք չի գանձվում, բայց ապրանքի արտահանման  դեպքում, արդեն իսկ վճարված ԱԱՀ-ն հետ ստանալու համար գործարարը պետք է դիմում գրի միայն 180 օր հետո, իսկ գումարը հետ ստանա եւս 180 օրից:

«Այսինքն, մեկ տարի մեր դրած գումարը քնում է, ինքնարժեքը թանկանում է; Նման պայմաններում կարո՞ղ ես մրցունակ լինել: Իհարկե՝ ոչ», — նշում է նա:

Արտոնության փոխարեն՝ սահմանափակում

Լրացուցիչ խնդիր է առաջացրել նաեւ ռուսաստանյան ռուբլու փոխարժեքի կտրուկ անկումը եւ ռուսական շուկայում գնողունակության նվազումը: Ռազմիկ Թեւոնյանի խոսքով, այս պայմաններում կառավարությունը որեւէ կերպ չի աջակցում գործարարին: Նախորդ տարի ԱԺ ընդունած օրենքն էլ, որով արտոնություններ էին սահմանվում սահմանամերձ բնակավայրերի ձեռնարկությունների համար, Երասխի գինու գործարանին չի վերաբերում, քանի որ օրենքը բացառություն է անում ակցիզային հարկով հարկվող արտադրությունների համար: Թեւոնյանը նկատեց, որ սահմանամերձ գոտում ակցիզով թերեւս միայն ինքն է աշխատում: «Է, թող օրենքում գրեին՝ արտոնություն են ստանում բոլորը, բացի Երասխի գործարանից», — տարակուսեց  նա: Ավելին՝ ըստ նրա, բանկերն էլ հրաժարվում են վարկ տրամադրել՝ մթերումն իրականացնելու կամ այլ ծրագրերի համար՝ համարելով, որ Երասխը խիստ ռիսկային գոտում է գտնվում: Թեւոնյանի խոսքով, անթույլատրելի է, որ պետությունը չի միջամտում, որպեսզի սահմանամերձ գյուղերի ձեռնարկությունները արտոնյալ վարկեր ստանան: Նա հիշեց 1999-ը, երբ վարչապետ Վազգեն Սարգսյանը հորդորել էր առեւտրային բանկերին՝ արտոնյալ վարկեր տալ սահմանամերձ Երասխի ու Իջեւանի գինու գործարարներին՝ պետության երաշխավորությամբ:

Մեկ այլ խնդիր է թունդ ալկոհոլային խմիչքների արտադրության թույլտվության համար պահանջվող տարեկան 15 մլն դրամ տուրքը, որը վճարվում է՝ անկախ արտադրության ու իրացման ծավալներից:  «Ես հոկտեմբերին արդեն մուծել եմ էդ տուրքը, բայց մինչեւ հիմա դեռ մի մեքենա ապրանք եմ արտահանել: Ու վստահ չեմ՝ մինչեւ տարեվերջ ինչքան կարտահանեմ», — նշեց գործարանի սեփականատերը:

Վանոյի ասած՝ գյադաների ժամանակը

Իսկ վերջին դեպքն ընդհանրապես հունից հանել է սահմանամերձ գյուղում բնակվող գործարարին: Մի քանի օր առաջ «ՀԷՑ»-ը պարտքի պատճառով անջատել է գործարանի էներգամատակարարումը՝ ոչ միայն վտանգի տակ դնելով գործարանի սարքավորումներն ու արտադրանքը, այլեւ հոսանքից զրկելով բառացիորեն մի քանի տասնյակ մետրի վրա գտնվող մի քանի հայկական սահմանապահ հենակետերը: Երասխի գինու գործարանը դեռ անկախության տարիներից ի վեր իր հաշվին հոսանք է տրամադրում դիրքապահներին:

«Ուշացրե՞լ եմ՝ վրաս տույժ-տուգանք դրեք, ինչու՞ եք անջատում: Օրինակ բերեմ՝ պատերազմի տարիներին, երբ գյուղում առիթներ էին լինում, հակառակորդի հետ կապվում ու ասում էինք՝ պետք չի կրակել, մենք էլ ձեր վրա չենք կրակի: Էդ մարդիկ չէին կրակում: Չեմ հասկանում՝  Երասխը կարողացավ թուրքի հետ լեզու գտնել, սրանց հետ չի կարողանու՞մ: Հիմա՝ նրանք թուրք էին, բա սրա՞նց ինչ անուն տամ… Ու էս համակարգի մեջ մարդկանց էդ տեսակն է հավաքվել՝ մոր կոճակ պոկող, աչքի սուրմա թռցնող, պատմություն չիմացող… Վանոյի ասած՝ գյադաների ժամանակներում ենք ապրում… Համակարգային խնդիր է՝ վերջը, սա ոչ մեկի կոոպերատիվը չի, որ գան ու սահմանի վրա լույս անջատեն մի քանի դրամ պարտքի համար… էստեղից Երեւան 60 կիլոմետր է, էդ մարդիկ չեն հասկանու՞մ: Թե՞ մտածում են՝ Նոր տարվա օրը կգան, կֆռֆռան, գնան, էդ բավարար է»:

 

 

 

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Газпром VS Socar, թե՞ West vs Russia’
Հաջորդ հոդվածը‘Նեյմարը` լրագրողին. «Դու տխմար ես, սկսի՛ր ճշմարտությունն ասել»’