‘Սարգիս Թամազյան. Հոկտեմբերի 10-ին հրապարակը կպայթի մարդաշատությունից’

5421

iLur.am-ի զրուցակիցն է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության վարչության անդամ, քաղաքացիական խմբերի եւ նախաձեռնությունների հետ աշխատանքների համակարգման հանձնաժողովի նախագահ Սարգիս Թամազյանը:

— Պարոն Թամազյան, ոչ իշխանական երեք ուժերը՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու Ժառանգությունը, հոկտեմբերի 10-ին Երեւանում նախատեսված համապետական հանրահավաքից առաջ որոշել են նաեւ մարզերում հանրահավաքներ անել: Ի՞նչ սպասելիքներ ունեք այդ հանրահավաքներից:

— Այդ հանրահավաքները մարզերում մարդկանց իրազեկելու, ակտիվացնելու, ոգեւորելու նպատակ ունեն: Մեր այս քայլը նաեւ նպատակ ունի հոկտեմբերի 10-ի հանրահավաքին ընդառաջ՝ եւս մեկ անգամ ցույց տալու երեք ուժերի միասնականությունը: Ես համոզված եմ, լուրջ ակտիվացում կգնա, եւ հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակը կպայթի մարդաշատությունից: Ես նաեւ վստահ եմ, որ այս հանրահավաքից ժողովրդի ունեցած ակնկալիքները կարդարանան: Բոլորը կտեսնեն, որ այս երեք ուժերը շատ կարճ ժամկետում երկրի համար շատ լուրջ խնդիրներ են լուծելու:

Իսկ ի՞նչ է սպասվում հոկտեմբերի 10-ից հետո, քանի որ շատերը ասում են, թե՝ լավ, հանրահավաքի եկանք, իսկ ո՞րն է լինելու հաջորդ քայլը, ի՞նչ շարունակականություն է ունենալու պայքարը: Օրինակ՝ ԱԺ Ժառանգություն խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը չի բացառել շուրջօրյա շարունակական հանրահավաքները, իսկ դո՞ւք ինչ կասեք:

— Երբ ես ասում եմ՝ Ազատության հրապարակը կպայթի մարդաշատությունից, նշանակում է՝ այնտեղ հավաքված ժողովուրդը դառնում է գլխավոր գործոն: Ու այսօր վաղ է ասել, թե ինչ շարունակություն կունենա, որովհետեւ Ազատության հրապարակում հավաքված ժողովուրդն ինքնին դառնալու է շատ կարեւոր քաղաքական գործոն՝ մեծապես ազդելով քաղաքական երեք ուժերի որոշումների վրա կամ պայմանավորելով դրանք։ Հետագա քայլերի որոշումը կկայացվի տեղում՝ հրապարակում:

— Բնականաբար, իշխանությունները ձեռքերը ծալած չեն նստի, կփորձեն որոշակիորեն դիմադրել հայտնի մեթոդներով, ճնշել եւ այլն, ոստիկանապետն էլ իր հերթին է սառը ցնցուղներ խոստացել: Իշխանությունների քայլերն արդյո՞ք արդյունք կունենան:

— Իշխանություններն այսօր թուլացած վիճակում են: Եվ նրանք հաշվարկում ու հասկանում են, որ ռեպրեսիաներ կիրառելը ռեսուրս է պահանջում, որն իրենք չունեն: Այսինքն՝ այն մեթոդները, ինչ նախկինում իշխանությունը կիրառում էր, այսօր այլեւս չի կարող կիրառել. դա ավելի կբարդացնի իր վիճակը: Նա հիմա կփորձի այլ մեթոդների դիմել՝ իրեն ենթակա լրատվամիջոցներով հասարակության մեջ անվստահություն, անտարբերություն սերմանել, նսեմացնել հանրահավաքի նշանակությունն ու կարեւորությունը: Ռեժիմն այլ բան չի կարող  եւ չի համարձակվի անել, եւ իմաստ էլ չունի:

Սերժ Սարգսյանն իշխանությունը պահելու համար գնալու է սահմանադրական փոփոխությունների ճանապարհով: Ի՞նչ եք կարծում, հանրահավաքային շարժման արդյունքում հնարավո՞ր է՝ իշխանությունները հրաժարվեն սահմանադրական փոփոխություններից:

— Գարնանն էլ երեւաց, որ ընդդիմության միասնական հանրահավաքները վախեցնում են իշխանություններին, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանին: Որքան էլ նրանք փորձում էին հերքել այդ փաստը, միեւնույն է՝ այդպես է: Նույնն է նաեւ հիմա: Ս.Սարգսյանը, ինչպես արդեն բոլորի համոզումն է, ասպես կոչված՝ սահմանադրական փոփոխությունների է գնում հանուն իր իշխանության պահպանման ու հավերժացման: Եւ ես զարմանում եմ քաղաքական այն ուժերի, անհատների վրա, որոնք կողմ են նրա այս նախաձեռնությանը։ Էլ չասենք, որ դա խայտառակ երեւույթ է, երբ կեղծելով բազմաթիվ համապետական ընտրություններ, ոտնահարելով Սահմանադրությունը՝ դեռ խոսում են Սահմանադրությունը փոխելու մասին: Այնպես որ, այն ուժերը, որոնք կողմ են սահմանադրական փոփոխություններին, փաստորեն՝ արհամարհում են ժողովրդին եւ, ըստ էության, միանում Ս. Սարգսյանի ծրագրին: Սահմանադրական որեւէ փոփոխություն իրականցնելու համար Հայաստանում, նախ՝ պետք է իշխանափոխություն անել, մի քանի համապետական ազատ ընտրություններ, ունենալ օրինակարգ իշխանություն, վերականգնել մարդկանց վստահությունը ընտրությունների նկատմամբ, ապա նոր գնալ Սահմանադրության փոփոխության, եթե, իրոք, կա դրա անհրաժեշտությունը: Սահմանադրության փոփոխության մասին այսօր խոսելն ու դրան գնալը հակապետական է:

Արման Գալոյան 

Նախորդ հոդվածը‘Քաղաքացիական հագուստով անձինք բերման են ենթարկել Կոնգրեսի ակտիվիստ Վարդան Հարությունյանին’
Հաջորդ հոդվածը‘Կամավոր, ոչ թե պարտադիր. «Առաքելության» առաջարկները Շրջանառության հարկի մասին’