‘Սարգսյանի փրկությունը՝ Աշոտյանի մազից կախված’

2030

Արմեն Աշոտյանը հիմա փորձում է շեֆին փրկել և հանրային ուշադրությունը «խփող» Սերժ Սարգսյանից դեպի իրեն շեղել։ Այսինքն՝ Կրթության և գիտության նախարարը Մատրոսովի պես պատրաստ է իր մարմնով, իսկ ավելի կոնկրետ՝ գլխի ռետրո–պատկերով աջակցել բավական ոչ ստանդարտ իրավիճակում հայտնված ՀՀԿ ղեկավարին, ով անգամ շրջապատված լինելով տարատեսակ «էպոսագետ»–մրցակիցներով՝ ձախողում է ընտրարշավը։

«Հաշվի առնելով, թե ինչ հետաքրքրություն և աժիոտաժ է առաջացրել ՀՀ Նախագահի երիտասարդ տարիների լուսանկարը, շտապեմ տեղեկացնել, որ ես էլ ունեմ մազերով նկարներ 🙂 Որ շատ խնդրեք, մի օր կտեղադրեմ :)»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը։

Աշոտյանին ասենք, որ «մոդնինկիյ ստիլյագա» Սարգսյանի երիտասարդ տարիների լուսանկարը ոչ թե հետաքրքրություն և աժիոտաժ է առաջացրել, այլ լրիվ ուրիշ բան, բայց դա տվյալ դեպքում էական չէ։ Էականն այն է, որ Սարգսյանը տապալվեց անգամ ոչմրցակցային ընտրություններում և այս պարագայում «հիվանդին» ոչինչ չի օգնի։ Անգամ Աշոտյանի վարսերը։

Աշոտյանն իր մազավոր նկարը համացանցի բերան է ուզում գցել, որ ի՞նչ անի։ Որ խիարը ճի՞շտ աճի, որ տոկոսները հարյուրից հարյու՞ր «խփեն», որ ազգի մի կեսը երգի, իսկ մյուս կեսն էլ սերիալու՞մ խաղա, որ չեբուրաշկան դեպի ապահով Հայաստա՞ն գնա, որ …

Նախարարի խոստացած քայլն, անշուշտ, անձնազոհություն է։ Նա փաստացի պատրաստ է «ղժժալու» օբյեկտ դառնալ, միայն թե Սերժ Սարգսյանի թեման դուրս մնա անեկդոտների թոփ–տասնյակից։ Չինովնիկազգին հենց այդպես էլ պետք է լինի։ Պետք է կրծքով պաշտպանի ղեկավարին։ Բայց սա այն դեպքն է, երբ բանը բանից անցել է և Աշոտյանի «հիպիական» անցյալն անգամ անկարող է շտկել իրավիճակը։

 

Սևակ Մինասյան

7or.am

Նախորդ հոդվածը‘ՊՆ խոսնակ. Իրավիճակը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ-ն հիշեցնում է թեկնածուներին՝ զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն ‘