‘Սբ. Էջմիածինը խստորեն դատապարտում է Դեյր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը’

921

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է Դեյր էլ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը ահաբեկչական խմբավորումների կողմից:  

«Հայոց ցեղասպանության նահատակների մասունքներն ամփոփող եկեղեցու ավերումը անարգալից քայլ է հայ ժողովրդի և նրա սուրբ նահատակների հիշատակի հանդեպ», — ասվում է Մայր Աթոռի մամլո դիվանի տարածած հայտարարության մեջ:

Նշվում է, որ տեղի ունեցածն անթաքույց դրսևորում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակության շրջանակներում հարվածելու հայ ժողովրդի պահանջատիրական արդար ձգտումներին:

«Կատարվածն անմարդկային բարբարոսություն է և չի կարող արդարացվել որևէ կրոնի կամ գաղափարախոսության կողմից, որ հիմնված է աստվածպաշտական և մարդասիրական արժեքների վրա:

Հորդորում ենք մեր ժողովրդի զավակներին առավել ամրապնդվելու մեր նահատակների հանդեպ հարգանքի իրենց ուխտի մեջ և ի դերև հանելու չարագործների բոլոր դավադրությունները: Կոչ ենք ուղղում նաև միջազգային հանրությանը դատապարտել հիշյալ վայրագությունը` կանխելու համար նման ոճրագործությունների հնարավոր կրկնությունը», — տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

 

Նախորդ հոդվածը‘Առևտրականներն` ընդդեմ նոր օրենքի. Բողոքի ակցիա կառավարության դիմաց (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Չեխական անկեղծացումներ’