‘Չեխական անկեղծացումներ’

2410

Հնարավոր է՝ շատ մարդկանց  զարմանալի թվան սրանից ութ ամիս առաջ Սերժ Սարգսյանի Չեխիա կատարած այցի ժամանակ հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում արտահայտած մտքերը, որոնք նոր են ի հայտ գալիս և բացահայտում են որոշ հարցեր, սակայն Հայաստանում ապրող ցանկացած մեկը կարող է հարյուրավոր օրինակներ բերել Սերժ Սարգսյանի մտքի գոհարներից, որոնցից յուրաքանչյուրը գերազանցում է մյուսին. է՛լ խիյարի թարս բուսնել, է՛լ եկել ես ստեղ, որ ի՞նչ անես, է՛լ ինչպես տատս էր ասում, է՛լ մի զրո ավել, է՛լ իդիոտ, է՛լ ինչքան պետք ա, էնքան էլ կխփենք….էլ ո՞րն ասեմ, էլ որը: Բայց  պրահյան բացահայտումները հետաքրքրական են նրանով, որ Սերժ Սարգսյանը արտաքին քաղաքականության վերաբերյալ մի խոստովանություն է անում, որը կարելի է դարակազմիկ համարել:

Չեմ խորանում Սերժ Սարգսյանի արտահայտած այն մտքերի մեջ, թե «փոքր երկրում շաքարավազը մի մարդ չբերի, բա քանի՞ հոգի բերի», կամ՝ «ձեզ մոտ արբանյակով ուրիշ Հ1 են հաղորդում, բայց մեզ մոտ Հ1-ը շատ լավն է», կամ՝ «դուք ձեր բարեկամներին մի հավատացեք, այլ միջազգային թվերին հավատացեք», կամ  երբ պնդում է, թե  Շառլ Ազնավուրին, որպես երաժիշտ՝ շատ լավ է գնահատում, բայց նույն նախադասության մեջ նշում է, որ վերջինս հեռու է Հայաստանից և չի տիրապետում իրականությանը: 

Արի ու մի ասա, տո ա՛յ արտաքին քաղաքականության «պատասխանատու», բա որ մարդը հեռու էր Հայաստանից ու չէր տիրապետում իրականությանը, բա էլ ինչո՞ւ էիր նրան Շվեյցարիայում Հայաստանի դեսպան նշանակում, թե՞ նրան էլ, Յուրի Վարդանյանի նման, փորձում էիր որպես դիդակտիկ նյութ ցույց տալ մատաղ սերնդին:

Կամ՝ ա՛յ «ժողովրդավարության ռահվիրա»,  եթե ըստ քեզ՝ բնակչության քչության պատճառով միայն մեկ մարդ պետք է երկիր շաքարավազ ներմուծի,  բա էլ ո՞ւր մնացին շուկայական հարաբերությունները, կամ էլ ինչո՞ւ ես աջ ու ձախ ընկած՝ խնդրում, որ արտասահմանցիները ներդրումներ անեն Հայաստանում, թե՞ այդ ներդրումներն էլ մեկ մարդու գրպանը պետք է մտնեն՝ ի դեմս Սաշիկի, որովհետև փոքր երկրում հո տասը հոգու գրպան չե՞ն մտնելու:

Սակայն այսպիսի մտքերը երկրորդական են դառնում այն մտքի համեմատ, որն արտահայտել է… չէ, արտահայտելը շատ վեհ բառ է այս պարագայում… որը բլթցրել է երկրի ղեկավարի պաշտոնում հայտնված անձը:

«Հետաքրքիր մարդ եք, եկել եք էստեղ, ուզում եք Հայաստանի բախտը վճռե՞ք, Հայաստանում ապրողները թող լուծեն այդ հարցերը, դուք կապ չունեք այդ հարցերի հետ: Նրանք պիտի որոշեն՝ Հայաստանը Մաքսային միության անդամ լինի, թե ոչ: Ես չէի կարող մի գիշերում բոլորիդ կարծիքը հարցնել, դու կարդացե՞լ ես Եվրամիության հետ ազատ առևտրի պայմանագիրը, ինչ պայմաններ կան»:

Մարդը բացահայտ ասում է, որ Մաքսային միությանը միանալու հարցը ինքը մեկ գիշերում է կայացրել: Դե դա էլ էր ակնհայտ, որովհետև երեք տարի ԵՄ-ի հետ բանակցող մեկը չէր կարող մի  գիշերից բացի՝ այլ ձևով հայտնվել Մաքսային միության գրկում: Այստեղ վախենալուն այն է, որ մեկ այլ գիշերվա ընթացքում էլ նա կարող է հայտնվել Թուրքիայի հետ միության մեջ, ինչպես հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ժամանակ, իսկ մեկ այլ գիշերվա ընթացքում էլ Ադրբեջանի հետ ստորագրի ԼՂՀ-ի՝ Ադրբեջանի մաս կազմելու համաձայնագիրը:

Եթե երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձն իր երկրի արտաքին քաղաքական ամենակարևոր հարցերը, որոնք վերաբերում են ազգային անվտանգությանը, կարող է մեկ գիշերում որոշել, կամ արդեն կայացված որոշումները փոխել և այդ մասին ի լուր աշխարհի խոստովանել, ապա թող աբսուրդ չթվա  նաեւ նշածս Արցախի պահը, ու թող արցախցիներն էլ իրենց ապահովագրված չզգան, թե վերջին պահին կարող են փոխել Սարգսյանի գիշերային որոշումը, որովհետև եթե հերթը հասավ «գիշերվան», ապա Սերժ Սարգսյանը պատրաստ է ամեն ինչի:

Այդ իսկ պատճառով պետք է ամեն ինչ անել, որ օրը ցերեկով նրան հեռացնենք իշխանությունից, և դրա համար հոկտեմբերի 10-ը կարող է գեղեցիկ սկիզբ հանդիսանալ, այլապես, ինչպես հայտնի գովազդում է ասվում. «գիշեր է գալու, թեժ է լինելու»…:

Միսակ Մարտինյան 

Նախորդ հոդվածը‘Սբ. Էջմիածինը խստորեն դատապարտում է Դեյր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը’
Հաջորդ հոդվածը‘Էլ.ցանցի աշխատակիցը հոսանքահարումից մահացել է’