‘Սեդա Մեսրոպյան. «Հոսատարքային» մտորումներ լեզվի մասին’

6101

«Մի՛ մտեք հայոց լեզվի տաճարը, կովե՛ր»

                        Ավետիս Հարությունյան, «Գյադաների ժամանակը»

 

«Ապա Հիսուս տաճար մտավ և վռնդեց բոլոր նրանց, որոնք

տաճարի շրջափակում առուծախ էին անում… «Իմ տունն

աղոթքի տուն պիտի կոչվի, մինչդեռ դուք ավազակների

որջի եք վերածել այն»:

                          Մատթեոս, 21, 12

 

ՀՀ երկու քաղաքացիներ՝ ճարտարագետ-նախագծողներ Մարտին և Արամայիս Ասլանյանները, այս տարվա հունվարի 1-ին մի գրություն են հղել ՀՀ կրթության և գիտության նախարարության Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանին՝ խնդրելով պարզաբանել, թե երբ ամանորյա տոնի նախօրեին Սերժ Սարգսյանն  ընդունել էր սահմանամերձ գյուղի երեխաներին և նրանց դիմելով՝ ասել ՝ «Ցանկանում եմ, որպեսզի դուք ունենաք երջանիկ մանկություն, ցանկանում եմ, որպեսզի դուք…», արդյո՞ք այդ կառույցում որպեսզի շաղկապը տեղին է գործածված, թե՞ ավելի ճիշտ կլիներ գործածել որ շաղկապը:

Ասլանյանները, այս միանագամայն անմեղ հարցումն ուղղելով Լեզվի պետական տեսչությանը, նրա պետից ակնկալել են «մատչելի վերլուծություն»:

Հանուն արդարության՝ ասեմ, որ չեմ կարծում, թե Ասլանյան եղբայրներն այդ հարցի պատասխանը չեն իմացել ի սկզբանե: Էլի՛ հանուն արդարության՝  չեմ կարծում, որ եթե որևէ մեկն ուզում է շարահյուսական այս կարգի կամ որևէ մի ուրիշ հարցի պատասխան ստանալ, չի կարող դա անել, օրինակ, 7-8-րդ դասարանի հայոց լեզվի դասագրքի կամ սոցիալական ցանցերի օգնությամբ (ֆեյսբուքում, օրինակ, մի հրաշալի խումբ կա՝ «Մայրենի լեզվի դասեր», որտեղ քեզ հուզող ցանկացած հարցի պատասխանը կստանաս, այն էլ՝ բարձրակարգ մասնագետների կողմից): Հետևաբար՝ ինձ թույլ եմ տալիս մտածել, որ Ասլանյաններն այս հարցումն ուղղել են Լեզվի պետական տեսչությանը՝ դրա և լեզվական այդ կարգի մեղանչումների նկատմամբ ուշադրություն հրավիրելու և մայրենիի անաղարտության նկատմամբ իրենց նախանձախնդրությունն արտահայտելու պարզ մղումով:

Լեզվի պետական տեսչության պետի պատասխանը, քիչ էր մնում՝ ուշանար, բայց չուշացավ (որքան գիտեմ՝ տեսչությունը պարտավոր է պատասխանել մեկամսյա ժամկետում, ու  հասցրե՛լ է այդ պարզ հարցին պատասխանել այն ուղարկվելուց  հետո 24-րդ օրը, այսինքն՝ հունվարի 24-ին):

Թվում էր՝ այդ պատասխանը շատ պարզ պիտի լիներ. ասենք՝ Ս. Երիցյանը պետք է նշեր, որ ըստ հայերենի շարահյուսության կանոնի՝ եթե բարդ ստորադասական նախադասության  ստորադաս նախադասությունն ուղիղ խնդիր է, ապա այն գերադաս նախադասության հետ կապվում է որ, թե շաղկապներով կամ ինչ(ը), ում, որը շաղկապական բառերով: Իսկ նպատակի պարագա ստորադաս նախադասությունը գերադասի հետ կապվում է որպեսզի, երբեմն՝ որ շաղկապով: Եւ քանի որ հարցումում որպես օրինակ բերված նախադասությունն ուղիղ խնդիր ստորադասականով է, ուստի, բնականաբար, ճիշտ է որ շաղկապի կիրառումը (Ի՞նչ եմ ցանկանում: Որ դուք ունենաք երջանիկ մանկություն:): Երբ փորձում եմ այդ նույն նախադասությունը ձևակերպել որպես նպատակի պարագա ստորադասականով բարդ նախադասություն, նույնիսկ մի քիչ անհարմար բան է ստացվում. Ինչո՞ւ կամ ի՞նչ նպատակով եմ ցանկանում: Որպեսզի դուք ունենաք երջանիկ մանկություն: Կամ, առանց քերականական կամ շարահյուսական եզրերի մեջ խորանալու՝ կարելի էր նշել, որ դա ռուսերեն чтобы շաղկապի հոռի ազդեցությունն է մեր լեզվի վրա (տե՛ս, օրինակ, Մայա Ավագյան, Խոհեր մայրենի լեզվի մասին, էջ85-87), ուստիև  ճիշտ չէ:

Բայց արի ու տես, որ տիար Երիցյանը բոլորովին այլ ճանապարհով է գնացել: «Հարգելի՛ պարոնայք Ասլանյաններ,- գրել է նա իր պատասխանում,- հայտնում ենք, որ Ձեր քաղվածո բերված օրինակի շարահյուսական կառուցվածքում որպեսզի շաղկապի կիրառությունն արտառոց երևույթ չէ արդի գրական հայերենում»:

Այստեղ մի պահ շունչ առնենք: Նախ, պարոն Երիցյանը, վստահ եմ, գիտի, որ երկրորդ դեմքի անձնական դերանունը հոգնակի թվով ու մեծատառով է գրվում (Դուք, Ձեր, Ձեզ և այլն) միայն այն դեպքում, երբ վերաբերում է մեկ անձի, հետևաբար՝  իր այս տեքստում մեծատառը պարզապես վրիպակ համարենք ու անցնենք առաջ: «Քաղվածո» — տարբեր տեղերից քաղված, հավաքված, ծաղկաքաղ արված՝ ըստ Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանի: Ընդունենք, որ Ասլանյանների բերած միակ օրինակը «քաղվածո» է, բայց այդ դեպքում «բերվա՞ծ»-ը որն է, չէ՞ր կարելի պարզապես գրել՝ «քաղվածո օրինակ»: Բայց դա էլ թողնենք մի կողմ. ի՞նչ է նշանակում՝ արտառոց երևույթ չէ արդի գրական հայերենում: «Փողոցի վրա» ապրելն է՞լ արտառոց երևույթ չէ, «Ես գտնում եմ»-ն է՞լ արտառոց չէ, «Իմ մոտ այդ գիրքը կա»-ն է՞լ արտառոց չէ, «բանը նրանումն է կամ հարցը կայանում է նրանում»-ն է՞լ: Վերջապես, խոսել կանոնավոր բայի անկանոն խոնարհումն էլ արդեն ոնց որ թե այնքան էլ արտառոց չէ (խոսացի, խոսացիր, խոսաց…), էլ չեմ ասում ասել անկանոնի կանոնավոր խոնարհումը (ասեցի, ասեցիր ասեց…): Ինչ-որ մեկը ձեզ արտառոցի մասի՞ն է հարց ուղղել, խոսքը արտառոց-ոչ արտառոցի մասի՞ն է, թե՞ ճիշտ կամ սխալի: Ըստ իս՝ այստեղ գործ ունենք ենթագիտակցության հետ, որը պարոն Երիցյանին, անկախ իր կամքից, հուշել է, որ «արդի գրական հայերենում արտառոց երևույթներ են կատարվում», և «արտառոցը» դո՛ւրս է պրծել պարոնի ենթագիտակցությունից ու թառել է նրա «արտառոց» պատասխանի տեքստում:

 «Լեզուն ենթարկվում է հոսատարքային (ռուս. дрейф, անգլ. drift) օրինաչափությունների»,- շարունակում է Երիցյանը:

 Ավաղ՝ անգլերենին չեմ տիրապետում, բայց ռուսերեն քիչ թե շատ գիտեմ ու կարծում եմ, որ дрейф-ը գոյական է, մինչդեռ պարոն Երիցյանի գործածած «հոսատարքային»-ը՝ ածական, ուստի փակագծում պետք է գոնե նշվեր՝ ռուսերեն дрейф  բառից: (Ի դեպ, բառարանում այդ բառը բացատրված է հոսընթաց, ինչը, զուտ իմ սուբյեկտիվ կարծիքով՝ ավելի բարեհունչ է, քան «հոսատարք»-ը. ենթադրում եմ, որ գոյականը հեց դա է: Բայց դե Լեզվի պետական տեսչությունում հո պարապ նստած չե՞ն, մարդիկ բառեր են կերտում):

Շարունակենք. «Ոչ մի հավանականություն չկա, որ նման շարահյուսական կառուցվածքում որպեսզի շաղկապի կիրառությունը հետագայում չի կարող ամրապնդվել լեզվում և դառնալ կանոնավոր»,- հետո ավելի հետաքրքիր է դառնում,- «մանավանդ որ որ շաղկապը խիստ ծանրաբեռնված է բազմազան իմաստներով, իսկ լեզուն ձգտում է մենիմաստության առավելապես շարահյուսական մակարդակում»…

Այստեղ, ճիշտն ասած, ես մասնագետների միջամտություն եմ պահանջում… Այնուամենայնիվ, փորձեմ ինքս կողմնորոշվել. փաստորեն՝ մարդը չի բացառում, որ էդ չարաբաստիկ «որպեսզին» կարող է իր վրա վերցնել որ «ամենաբանուկ» շաղկապի (Մայա Ավագյանի բնորոշումն է) ինչ-ինչ գործառույթներ և դրանով  մի քիչ թեթևացնել այդ խղճուկի բեռը: Երևի իմաստների անհամաչափ բաշխումից բողոքել է անձամբ Սերգո Երիցյանին, կամ գուցե ի՛նքը Երիցյանն է որոշել վերականգնել հավասարության սկզբունքը ու «կուլակաթափ» անել  շաղկապների օլիգարխ «որ»-ին:

Հասանք պատասխան գրության վերջին: Սա, իրոք որ՝ վերջն է: « Սակայն օրինակ բերելով՝ Դուք անձնավորել եք այն՝ ի դեմս երկրի նախագահի (նկատի ունի Սերժ Սարգսյանին): Լեզվի քաղաքական նպատակներով շահարկումը բոլոր դարերում էլ համարվել է անբարեմիտ և անշնորհակալ աշխատանք:  Ժան Ժակ Ռուսոն ասել է. «Լեզուն գունատվում ու թոշնում է, երբ այն ծառայեցվում է իրեն խորթ քաղաքական նպատակների»»:

Աստվածաշնչում ասվում է՝ դո՛ւ ասացիր:

Սեդա Մեսրոպյան

 

Նախորդ հոդվածը’77-ամյա հայ ծերունու դիվերսանտ լինելը ծիծաղելի են համարում նույնիսկ Բաքվում’
Հաջորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի՝ 10-15 աստիճանով’