‘Սերգո Տոնոյան. «Նորից ժողովուրդն է մեղավոր»’

14035

Էդիկ Նալբանդյանը վստահեցնում է, որ առաջիկա գարնանը Հայաստանը պաշտոնապես կհրաժարվի հայ-թուրքական արձանագրություններից։ Պատճառը, որ նշում է Նալբանդյանը՝ Թուրքիայի առաջ քաշած նախապայմաններն են։ Նախապայմաններից մեկն էլ (գուցե՝ հիմնականը) Արցախյան հիմնահարցն է։ Արցախյան հիմնահարցի չկարգավորվածությունն էլ, իր հերթին, պայմանավորված է Ադրբեջանի՝ հակամարտությունը հանգուցալուծելու ցանկության բացակայությամբ։ Այս մեկն էլ, իհարկե, կախված է Ռուսաստանի իշխանությունների ցանկություններից։

Տեսնու՞մ եք այս փակ շղթան։ Այսպիսի շրջափակման մեջ Հայաստանն ընկել է իր ապաշնորհ իշխանությունների ջանքերով՝ արտաքին քաղաքականության հիմնադրույթների հայտնի փոփոխություններից հետո։ Ներկայումս, սակայն, այդ նույն իշխանությունների ակտիվ քարոզչության արդյունքում, նույնիսկ այս անքննելի իրողություններն են կասկածի տակ դրվում։ Այսինքն, համաձայն այդ քարոզչության՝ արտաքին քաղաքական հարցերի տապալման գործում էլ այս իշխանությունները մեղավոր չեն։ Կարճ ասած՝ եթե ներքին հարցերում «կարտոլ ուտող» ծույլ ժողովուրդն է մեղավոր իր վատ կենսամակարդակի համար, արտաքին հարցերում էլ, բնականաբար՝ մեր լավը չուզող որոշ պետություններ։

Սակայն հետեւելով իշխանությունների հայտնի ներկակացուցիչների վերջին հայտարարություններին՝ կարելի է կարծել, որ շուտով արտաքին քաղաքականության ձախողումներն էլ են բարդելու ժողովրդի վրա։ Չզարմանաք, երբ պարզի, որ այդ ժողովուրդը չէր թողնում Արցախյան հարցում փոխզիջման գնալ, այդ ժողովուրդը չէր ցանկանում հաշտ ու խաղաղ ապրել հարեւան թուրքերի եւ ադրբեջանցիների հետ։

Իշխանությունների այսօրինակ ցինիզմը սովորական երեւույթ է դարձել։ Ետ չի մնում նաեւ եկեղեցին։ Շիրակի թեմի առաջնորդ գերաշնորհ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը դեկտեմբերի 7-ին սաստում էր քաղաքացիներին, որոնք երկար տարիներ երկրաշարժի հետեւանքների հաղթահարման հարցում ծուլություն են ցուցաբերել՝ լրացուցիչ նպաստ ստանալու միտումով։ Դրա համար հիմա «վագոն-տնակներից» նորակառույց տեղափոխվելիս ստիպում են, որ նախկին կացարանը քանդեն։ Սրբազա՞նն էլ էր մեղադրում իր համերկրացիներին, որոնք  տնակներից հատուկ դուրս չեն գալիս՝ մի երկու կոպեկ ավել «կպցնելու» համար։

Ե՞րբ կավարտվի ամեն ինչում ժողովրդին մեղադրելու այս զզվելի երեւույթը՝ հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ ապրիլին սպասվելիք վարչապետի ընտրության հարցում համապատասխան կուսակցությունում արդեն կողմնորոշվել են։ Եւ իհարկե, այս հարցում էլ մեղավորը ժողովուրդն է լինելու։

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. Կատալոնիայում խուզարկություններ են անցկացվում՝ անցած հանրաքվեի առնչությամբ’
Հաջորդ հոդվածը‘Վարչապետը հանձնարարել է բարեկարգել մեծ քաղաքների մուտքերը’