‘Սերժ Սարգսյանը եփել է բորշը, ինքն էլ կուտի այն ‘

2968

Havasti.am-ի հաղորդած տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին որոշակի կասկածներ էին հասել, որ Սարգսյանը նախագահությունից հետո վարչապետ դառնալու հույսեր է փայփայել: Դա է եղել նաև պատճառը, որ Մինասյանը վերջին շրջանում, իր կողմից վերահսկվող ԶԼՄ-ների միջոցով, Սարգսյանի ժառանգորդի հարցը բարձրացնելու մասին նյութեր է հրապարակել տվել:

Իր հերթին՝ Սարգսյանի գործունեության հրապարակային հատվածը բավականին աղմկոտ է կազմակերպվել հենց ա՛յդ մտադրությունների շրջանակում: Ընդ որում՝ դա վերաբերում է ոչ միայն ՎՊ վերջին հաշվետվության առիթով կազմակերպված վերջին խորհրդակցությանը: Իշխանական շրջանակներում խոսակցություններ են շրջանառվում, որ Սարգսյանն այդ ցանկությունը բավականին վաղուց է ունեցել՝ նախագահի աթոռը զավթելուց  քիչ անց: Ըստ այդմ՝ փեսան անհանգստացել է, որ Սարգսյանը դեռ չի շտապում իրեն կարգել ժառանգորդի կարգավիճակում, եւ այդ համատեքստում այնպիսի հրապարակային շոուներ է հրամցնում, իբր ինքն է Հայաստանի տնտեսական կամ պետական միջոցների չարաշահման հարցով միակ մտահոգ պաշտոնյան:
Գործնականում՝ պետական բոլոր հիմնարկները մուտք գործելու, դրանց ֆինանսական շրջանառությունը վերահսկելու, ատկատների չափերն ու բաժինները որոշելու, Հայաստանի բյուջեն դե ֆակտո միանձնյա տնօրինելու, Հայաստանում մեկ մարդու մոնոպոլիա հաստատելու հնարավորությունը շարունակական դարձնելու միտումն է Սարգսյանի մեջ առաջացրել վարչապետ դառնալու ցանկությունը: Հատկապես՝ այս շրջանում, երբ ոչ միայն ողջ Հայաստանը, այլեւ արդեն քաղաքական տարբեր սեգմենտներ Սերժ Սարգսյանի հրաժարականն են պահանջում, իսկ ինքն էլ արդեն գլորում է երկրորդ պաշտոնավարումը:  

Սակայն միջազգային հանրության կողմից Հայաստան եկած ազդակները կարծես թե Սարգսյանի այդ հույսերն ի չիք են դարձրել: Սարգսյանից խոստումների կատարում են պահանջում, եւ նա երկընտրանքի առաջ է կանգնել:

Հենց նաեւ դրանով է պայմանավորված Հայաստանում Սարգսյանի կողմից վերահսկվող ԶԼՄ-ների միջոցով էլ կեղծ օրակարգերի եւ թեմաների ակտիվ շրջանառության մեջ դնելը, որով նպատակ ունեն Սարգսյանին ներկայացնել Ռուսաստանի դեմ մեն-միայնակ մնացած եւ դեպի Եվրոպա ձգտող մի ղեկավարի կերպարով, որն իր այդ ձգտումները իրականացնելու համար իբրեւ թե ժողովրդի օգնության կարիքն ունի:
Խնդիրն այն է, սակայն, որ նախագահ դառնալու եւ դրսից լեգիտիմություն ստանալու դիմաց՝ Սերժ Սարգսյանի կողմից ժամանակին տրված խոստումները որեւէ կապ չունեն Հայաստանի ժողովրդի հետ: Սարգսյանը ժողովրդի հետ չի քննարկել իր տված խոստումները, ժողովուրդը իր համաձայնությունը դրանց չի տվել, հետեւաբար՝  Սարգսյանի կողմից տրված խոստումների միակ պատասխանատուն միայն ու միայն ինքը՝ Սերժ Սարգսյանն է:

Ինչպես ասում են, Սարգսյանն ինքն է եփել այդ բորշչը, ինքն էլ՝ թող այն ուտի: Սա այն դեպքն է, երբ Սարգսյանն այլեւս ժամանակ ձգելու կամ, ժողովրդական լեզվով ասած՝ «պլստալու» հնարավորություն չի ունենալու: Եւ Սարգսյանի կողմից վերահսկվող ԶԼՄ-ների լրատվական ջղաձգությունները հենց այդ մասին են հուշում:

Կա՛մ Սարգսյանը՝ երկու անգամ կեղծված ընտրություններից հետո հատկապես Արեւմուտքից ստացած լեգիտիմացումը արդարացնելու համար պետք է կամավոր կատարի յուր խոստումները (ԼՂ հիմնախնդիր եւ հայ-թուրքական հարաբերություններ), կա՛մ նրան կստիպեն դա անել: Եւ հիմնական խնդիրն այստեղ այն է,  որ երկու դեպքում էլ այդ ամենն արվելու է ոչ հօգուտ Հայաստանի եւ Ղարաբաղի շահերի :

Ընդ որում՝ ԵՄ-ի հետ տեղի ունեցող զարգացումները եւս պետք է հասկանալ այդ կոնտեքստում: Ավելի ճիշտ՝ ԵՄ-ն այս «մերձեցումը» մի՛ կերպ է հասկանում, Սերժ Սարգսյանը՝ լիովին ա՛յլ: Այնինչ, վաղ թե ուշ պետք է գա առերեսվելու պահը, եւ այդ ժամանակ Սարգսյանը ստիպված պետք է կատարի քայլեր, որոնք չի կարող կատարել նա, ով չունի լեգիտիմության ներքին՝ բավարար հարուստ պաշար: Ու հետեւելով իշխանական ԶԼՄ-ների կողմից շրջանառվող կոդերին՝ չի կարելի բացառել, որ Սարգսյանն այդ խնդիրների լուծմանը կարող է գնալ նաեւ մեծ լարվածություն ստեղծելու միջոցով: Իսկ եթե նա փորձի նորից ձգձգել ժամանակը, ապա այդ լարվածությունը կարող են նրան պարտադրել:

Լուծում, այստեղ, իհարկե՝ կա: Եւ այդ լուծումը  Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու մեջ է: Հատկապես հիմա, երբ «կաղ բադիկն» այլեւս սպառել է զիջման «ենթակա» բոլոր հնարավոր ռեսուրսները, եւ հերթն արդեն բառացիորեն հասել է Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգությանը:

Բադալ Հակոբյան   

«Դորդուբեշ» գլոբալ աշխարհաքաղաքական տարածաշրջանային զարգացումների փորձագիտական կենտրոն

Նախորդ հոդվածը‘Վաճառողները բացահայտում են, թե որ ապրանքներն են թանկացել (աղյուսակ)’
Հաջորդ հոդվածը‘Իվետա Տոնոյան. Գազի թանկացումը Աբովյան-Երեւան բարեգործական երթուղու վրա չի անդրադառնա’