‘Սերժ Սարգսյանը կախվում է փրփուրներից’

1773

Ըստ հավաստի տեղեկությունների, Սերժ Սարգսյանն այնքան է վախեցած իշխանության հնարավոր կորստից (ինքն էլ է հասկանում, որ դա կարող է տեղի ունենալ շատ շուտով), որ որոշել է վերջին՝ հուսահատական քայլն անել: Նա որոշում է կայացրել փորձել, սահմանադրական փոփոխությունների միջոցով, այժմ էլ Հայաստանում հաստատել վարչապետական սուլթանատ:

Ըստ հավաստի աղբյուրների, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի վերջին նիստում քննարկվել է վարչապետական համակարգին անցնելու հարցը, եւ հանձնաժողովի անդամներին առաջարկվել է հարցի շուրջ ներկայացնել իրենց տեսակետները: Մեր աղբյուրների փոխանցմամբ` հանձնաժողովի անդամները ներկայացրել են վարչապետական կառավարման տարբեր մոդելներ, որոնք էլ պետք է ներկայացվեն Սերժ Սարգսյանին՝ իր «հագով» ամենահարմար վարչապետական մոդելն ընտրելու համար: Սերժ Սարգսյանի ամբիցիաների բավարարմանն ակտիվորեն լծվել են արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, որը վերջին շրջանում դարձել է իշխանության ակնառու ԲՏՌ-ներից մեկը, հանրապետական Դավիթ Հարությունյանը, որը հանձնաժողովին է ներկայացրել վարչապետական կառավարման մի քանի մոդել, Սարգսյանի օգնական Գեորգի Կուտոյանն ու գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Հանձնաժողովի ահա այս անդամները միանշանակ պաշտպանել են իրենց տրված պետպատվերը՝ ներկայացնել Սերժ Սարգսյանի «վրայով» սահմանադրական փոփոխություններ: Ի դեպ, ինչպես փոխանցում են մեր աղբյուրները, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն այդ նիստի ընթացքում ձեռնպահ է մնացել իր տեսակետը հայտնելուց եւ առայժմ նախընտրել է լսել հանձնաժողովականներին: Ի՞նչ է սա նշանակում: Եթե իշխանություններին հաջողվի հերթական սահմանադրական փոփոխությունը հարմարեցնել գործող կլանի շահերին, եւ սահմանադրական փոփոխություններից հետո Սերժ Սարգսյանը շարունակի իր ուզուրպացիան՝ արդեն որպես վարչապետ, ու եթե ոչ իշխանական քաղաքական ուժերը դա թույլ տան, ապա սահմանադրական նման փոփոխություններով Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես ավարտին կհասցնի քադաֆիական իր տրանսֆորմացիան:

Ի դեպ, Հայաստանի գործող իշխանության համար դաս չի լինում անգամ Յանուկովիչի ճակատագիրը, որը փորձեց գնալ ընդդեմ ժողովրդի կամքի, եւ հիմա այդ նույն ժողովուրդը թույլ չի տալիս վերջինիս անգամ բարձրանալ ուղղաթիռ՝ ճողոպրելու համար: Ակնհայտ է մեկ բան՝ իշխանությունները կախվել են փրփուրներից: Եվ եթե այս ծրագիրը հենց այսօր չարժանանա քաղաքական առողջ ուժերի հակազդեցությանը, վաղը, վստահաբար, կարող է ուշ լինել:

Արման Գալոյան

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը բացեց հաշիվը. «Զենիթ» — «Բորուսիա»’
Հաջորդ հոդվածը‘Մահացել է կատակերգու դերասան Հարոլդ Ռամիսը’