‘Սերժ Սարգսյանը մոռացե՞լ է 700 մլն դրամի պատմությունը (տեսանյութ)’

1550

Երեկ Հայաստանի ազգային գրադարանում տեղի է ունեցել Հայատառ գրատպության 500-ամյակի միջոցառումները նախապատրաստող պետական հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին, Սարգսյանը հանդես է եկել մի ուշագրավ ելույթով, որտեղ անդրադարձել է գրադարանի վերակառուցմանտ: «Երբ 2008թ. ձևավորվեց հանձնաժողովը, այն նպատակ ուներ ոչ միայն հանրահռչակելու հայ գիրքն արտերկրում, այլ, առաջին հերթին, ամրագրելու հայ գրքի ունեցած դերը մեր կյանքում, դերը մեր պատմության քառուղիներում, զարգացնելու և ընդլայնելու գրքի ու գրականության բնագավառի բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ՝ գրադարանները, հրատարակչական ու գրավաճառ դաշտը: Օրինակը մենք մեր աչքերով տեսնում ենք, թեև այս հարցում, իհարկե, եղան թերություններ, եղան խնդիրներ, բայց մենք ավարտին ենք հասցնելու Ազգային գրադարանի վերակառուցման ամբողջական ծրագիրը: Կառավարությունը խոստացավ և տեսանելի ապագայում մեր քննարկմանը կներկայացնի ծրագրի հիմնական բաղադրիչները՝ լուծման տարբերակները և ֆինանսավորման մոտավոր չափը: Եվ եթե մենք մեկ-երկու տարում չկարողանանք այդ աշխատանքներն իրականացնել ամբողջությամբ, ապա ժամանակացույց կսահմանենք: Արդյունքում՝ մենք ունենալու ենք ժամանակակից Ազգային գրադարան»,-ասել է Սարգսյանը: Այս հայտարարությունն ուշագրավ է նրանով, որ սրանից ընդամենը մի քանի ամիս առաջ՝ 2012-ի սեպտեմբերի 15-ին Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր անցկացրել կառավարությունում, որտեղ անդրադարձել էր նաև Ազգային գրադարանի խնդրին: Ավելի ճիշտ՝ դժգոհել էր, ցուցադրաբար խիստ քննադատության էր ենթարկել կառավարության աշխատանքը՝ խոսելով տարբեր ոլորտներում առկա չարաշահումների մասին, ապա անդրադարձել էր Ազգային գրադարանի վերանորոգման հարցին, ինչի համար պետբյուջեից հատկացվել էր 700 միլիոն դրամ, մինչդեռ շինարարությունն ավարտված չէր, իսկ հատկացված գումարն ավելի քան բավարար էր շենքը նորմալ վերանորոգելու համար: 700 մլն-ը հատկացրել էին, ցուցադրական շոուն պատրաստել և նախընտրական շրջանում եթե տվել, Սերժ Սարգսյանը հրապարակային հաթաթա էր տվել բոլորին, ու հիմա՝ կարծես այդ ամենը չի էլ եղել: Սարգսյանը հայտարարում է ընդամենը, թե խնդիրներ են եղել, բայց ավարտին են հասցնելու գրադարանի շինարարությունը, ու եթե, ուշադրություն, մեկ-երկու տարում չավարտեն, ապա ժամանակացույց կսահմանեն: Սերժ Սարգսյանին թերևս մեկ հարց է պետք տալ՝ բա ի՞նչ եղավ 700 մլն դրամը, որը հատկացրել էիք ու որը բավարար էր, որպեսզի շենքն արդեն ավարտին հասցված լիներ:

Դիտեք տեսանյութը 3:09-ից սկսած:

«ՉԻ»

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է լսելու Սերժ Սարգսյանին’
Հաջորդ հոդվածը‘Միշիկների նոր ստրատեգիան. Սերժիկ ձաձան լավ նախագահ ա, իրա կողքիններն են վատը’