‘Սերժ Սարգսյանը սադրանք է իրականացրել Րաֆֆի Հովհաննիսյանի նկատմամբ. Մամուլ’

1227

Երեկ, քարոզարշավի ընթացքում արդեն երկրորդ անգամ, խաչվել էին նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Սերժ Սարգսյանի ճանապարհները: «Հայկական ժամանակը» գրում է, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդը մայրաքաղաքի Մելիք-Ադամյան փողոցում գտնվող Կառավարության նիստերի դահլիճում հանդիպում էր կազմակերպել համակիրների հետ, վերջում էլ սպասվում էր անվանի երաժիշտ, «խաղաղության դեսպան» Արտո Թունջբոյաջյանի ելույթը: Եվ մինչ «ժառանգականները» առաջնորդի գլխավորությամբ, խաղաղ տրամադրությամբ իրենց միջոցառումն էին անցկացնում դահլիճում, դրսում Սերժ Սարգսյանի այցն էին նախապատրաստում՝ ՀՀԿ կենտրոնական գրասենյակ: Տասնյակ ոստիկաններ ու պետավտոտեսուչներ, անվտանգության ծառայության աշխատակիցներ տարածքը մաքրում էին ավտոմեքենաներից, որոնք մեծամասամբ պատկանում էին Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբին, թեկնածուի համակիրներին: Իրավապահները օպերատիվ աշխատում էին մեքենաների վարորդներին հայտնաբերելու ուղղությամբ, որպեսզի նրանք ավտոմեքենաները հանեն տարածքից: Այսպես, Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական հանդիպման մի քանի տասնյակ մասնակիցներ միջնորդի միջոցով դուրս հրավիրվեցին՝ իրենց մեքենաները Սերժ Սարգսյանի ճանապարհից հանելու: Այս ամենի ֆոնն ապահովում էր ՀԿ գրասենյակի մոտ կանգնած և Սերժին գովերգող մի ծեր կին, ով գոռում էր «հեռացեեե՜ք, դուք ստեղ տեղ չունեք, մենակ Սերժ Սարգսյանը կարա նախագահ լինի» և այլն: Իսկ երբ լսելի էր Սերժ Սարգսյանի ավտոշարասյան ձայնը, ուսերին «առաջ, Հայաստան» շարֆ գցած տատիկը գոչում էր «կյանքս եկավ, կյանքս»:

Եթե այս ամենը դիտարկենք քարոզարշավի և ընտրական օրենսգրքի տրամաբանությամբ, սա կարելի է դիտարկել, որպես թեկնածու Սերժ Սարգսյանի կողմից իրականացվող սադրանք՝ մրցակցի նկատմամբ: Մի թեկնածուն, անկախ իր զբաղեցրած պաշտոնից, հարազատ կուսակցություն, ոչ թե՝ նախագահական նստավայր, գնալու համար խանգարում է մրցակցի քարոզարշավային միջոցառումը: Սա նաև ստորացուցիչ և նվաստացնող է: Երեկ, փաստորեն, Սերժ Սարգսյանի կողմից վարչական ռեսուրսի կիրառում գործադրվեց իր ուղին մրցակցի համակիրներից և տեխնիկայից մաքրելու համար: Հետաքրքիր է իմանալ, թե արդյո՞ք նույն ձևով կվարվեին ոստիկանները, եթե թեկնածու Սերժ Սարգսյանի «կորտեժը» խանգարեր մեկ այլ թեկնածուի, ասենք Հրանտ Բագրատյանին, եթե վերջինս իր անձնական մեքենայով մեկնելիս լիներ Նալբանդյան 13 հասցեում գտնվող իր գրասենյակ:

Եվ լավ է, որ Սերժ Սարգսյանի այցի պահին Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական հանդիպումը շարունակվում էր: Եթե այդ պահին ավարտվեր, և մարդիկ դուրս գային փողոց խանգարելով ՀՀԿ-ի թեկնածուին, նույն տրամաբանությամբ, թերևս ջրցան տեխնիկա օգտագործեին «զանգվածը ցրելու համար», իսկ եթե վերջիններս հրաժարվեին ցվրվել, կարելի էր նաև կրակել: Ի վերջո, Սերժ Սարգսյանի համար, ինչպես 2008 թվականին, կրիտիկական օրեր են:

Նախորդ հոդվածը‘Լևոն Տեր-Պետրոսյան. Ժամանակն է, որպեսզի Կոնգրեսը քաղաքական զանազան ուժերի ու անկուսակցականների ազատ դաշինքից վերածվի մեկ միասնական կուսակցության’
Հաջորդ հոդվածը‘Ամեն օր՝ անձնական «ԱԺ»-ից իսկական ԱԺ. Մամուլ’