‘Սերժ Սարգսյան. Հույժ կարևոր է ԼՂՀ վերադարձը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթաց’

818

Սերժ Սարգսյանն ուղերձով դիմել է ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի և Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի կողմից կազմակերպված «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» ամենամյա միջազգային գիտական ֆորումի մասնակիցներին, որն այս օրերին անց է կացվում Երևանում: Ուղերձում ասվում է. «Ողջունում եմ «Տարածաշրջանային անվտանգության դինամիկան Հարավային Կովկասում» միջազգային գիտաժողովի մասնակիցներին և հյուրերին ավանդական դարձած այս համաժողովի` ամենամյա ֆորումի վերափոխման կապակցությամբ: Ֆորումի թեմայի կարևորությունը պայմանավորված է ինչպես տարածաշրջանի երկրների անվտանգության շահերով, այնպես էլ մասնակից մասնագետների և փորձագետների հեղինակությամբ:

Հարավային Կովկասում ընթացող աշխարհաքաղաքական զարգացումները բարդ և դժվար կանխատեսելի են, գտնվում են տարածաշրջանային և արտատարածաշրջա-նային ուժային կենտրոնների շահերի համադրման և մրցակցության ներքո: Այդ հան-գամանքը տարածաշրջանի երկրների համար ստեղծում է ինչպես որոշակի մարտա-հրավերներ, այնպես էլ հավելյալ հնարավորություններ:

Հայաստանի արտաքին քաղաքականությունը խարսխված է գլոբալ և տարածաշրջա-նային դերակատարների հետ փոխշահավետ համագործակցության, փոխադարձ հարգանքի, շահերի համադրման սկզբունքի վրա: Մենք համոզված ենք, որ բաց սահմանները և համատեղ տնտեսական ծրագրերի իրականացումը կարող են մեծապես խթանել փոխադարձ վստահության և փոխըմբռնման միջավայրի ձևավորմանը, հետևաբար նաև քաղաքական խնդիրների լուծմանը: Մինչդեռ քաղաքականությունը, որը նպատակաուղղված է տարածաշրջանի պետությունների միջև բաժանարար գծերի ստեղծմանը, անխուսափելիորեն կհանգեցնի Հարավային Կովկասում անկայունության և անվստահության միջավայրի ստեղծմանը:

Տարածաշրջանի առջև ծառացած կարևորագույն մարտահրավերն են չկարգավորված հակամարտությունները, որոնք պահանջում են համապարփակ լուծում: Հայաստանը համոզված է, որ առկա հակամարտությունները կարող են լուծվել բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հիման վրա: Հայաստանի Հանրապետության համար ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման միակ ընդունելի հարթակը Մինսկի խմբի ձևաչափն է: Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության ու կայունության հաստատմանը կարելի է հասնել միայն Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական անվտանգության և սեփական ճակատագիրը ինքնուրույն որոշելու իրավունքի երաշխավորված ապահովման դեպքում: Այս առումով հույժ կարևոր է ԼՂՀ վերադարձը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթաց:

Ադրբեջանի կողմից տարածաշրջանում իրականացվող սպառազինությունների մրցավազքը, ռազմատենչ հայտարարությունները և պետական ամենաբարձր մակարդակով հայատյացության քարոզը, ինչի վերջին դրսևորումն էր քնած հայ սպային կացնահարած ադրբեջանցի սպա Սաֆարովի հերոսացումը, լրջորեն սպառնում են ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ Հարավային Կովկասի անվտանգությանը: Ստեղծված պայմաններում Հայաստանը ստիպված է առանձնահատուկ ուշադրություն դարձնել իր պաշտպանական համակարգի բարեփոխման ու բարելավման վրա` որպես Ադրբեջանի ռազմատենչ հավակնությունները զսպող և Հարավային Կովկասում կայունություն ապահովող գործոն:

«2008 թվականին Հայաստանը նախաձեռնեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը` որպես առաջին քայլ նպատակ ունենալով հաստատել դիվանագիտական հարաբերություններ և առանց նախապայմանների բացել սահմանները: Հայաստանը, ի տարբերություն Թուրքիայի, այսօր էլ հավատարիմ է մնում հարաբերությունների կարգավորման հիմքում դրված այդ սկզբունքներին:

Գիտակցելով պետական մակարդակով քաղաքականության մշակման և ռազմավարական որոշումների նախագծերի պատրաստման գործում փորձագիտական ներուժի ներգրավման կարևորությունը` Հայաստանը բարձր է գնահատում Երևանում միջազգային հեղինակավոր վերլուծաբանների մասնակցությամբ տարածաշրջանային անվտանգության դինամիկային նվիրված ամենամյա միջազգային ֆորումի անցկացումը:

Տարածաշրջանային անվտանգության դինամիկային նվիրված ամենամյա միջազգային գիտական ֆորումին մաղթում եմ հաջողություններ և արդյունավետ աշխատանք»,-ասվում է ուղերձում:

Նախորդ հոդվածը‘Անգլիայում մեծ հաջողությամբ վաճառվում է Պեպ Գվարդիոլայի մասին նոր գիրքը’
Հաջորդ հոդվածը‘Պուտինի առողջական վիճակի պատճառով Ճապոնիայի վարչապետը հետաձգել է այցը Մոսկվա’