Սերխիո Ագուերոն հայտարարեց պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին

324

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն ավարտեց ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան 33 տարեկանում սրտի առիթմիայի պատճառով։ Այդ մասին նա արտասվելով հայտարարեց կատալոնական ակումբի «Նոու Կամպ» ստադիոնում ընթացող ասուլիսում։

«Սա շատ բարդ պահ է, սակայն որոշումն ընդունվել է առողջությունս պահպանելու համար։ Արվել է հնարավոր ամեն ինչ այս պահը հետաձգելու համար։ Ես հինգ տարեկանից երազել եմ դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եւ հիմա մեծ ցավ եմ ապրում»,- արտասվելով ասել է Ագուերոն։

Ասուլիսին ներկա է նաեւ կատալոնական ակումբի նախկին ֆուտբոլիստ եւ գլխավոր մարզիչ, Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան։

33-ամյա ֆուտբոլիստը սրտի առիթմիայի հետեւանքով պետք է երեք ամիս բուժում եւ վերականգնողական փուլ անցներ, որից հետո միայն պարզ կլիներ նրա առողջական վիճակը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 30-ին Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի «Բարսելոնա» — «Ալավես» խաղում (1։1) Ագուերոն փոխարինվել էր տախիկարդիայի կարճատեւ նոպայի պատճառով։ Առաջին խաղակեսի վերջնամասում նա ծանր շնչառություն, սրտի կծկումների արագացում էր ունեցել։

Ագուերոն ամռանը հեռացավ «Մանչեսթեր Սիթիից» եւ ազատ գործակալի կարգավիճակում միացավ «Բարսելոնային» Լիոնել Մեսիի հետ խաղալու նպատակով, սակայն արգենտինացի հարձակվողն օգոստոսին պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի հետ։

Նախորդ հոդվածը«Ռեալը», «Բարսելոնան» ու «Աթլետիկը» դատի կտան Լա Լիգային
Հաջորդ հոդվածըԼուկա Մոդրիչն ու Մարսելոն վարակվել են կորոնավիրուսով