Սեւակ Արամազդ. Մահուան արժանապատւութիւնը

1978

Մի անգամ ռուսական տափաստանում, ճախճախուտների հարեւանութեամբ ծուարած մի փոքրիկ գիւղի փողոցներից մէկում ես պատահաբար հանդիպեցի մի հայի, որը ոտքից գլուխ մածուցիկ ցեխի մէջ կորած՝ հարբած թեք էր ընկել մի կիսաքանդ ցանկապատի տակ։ Անխնամ-մազակալած դէմքը մի տեսակ ուռած-փքուած էր, պատուած կապտուկներով ու սպիներով, իսկ ակնաբներում վախով խլվլում էին հազիւ երեւացող աչքերը։ Նա ոչ մի կերպ թոյլ չտուեց իրեն օգնել՝ ասելով, թէ իրեն օգնողը «դեռ չի ծնուել էս աշխարհում», եւ այդպէս էլ մնաց գետնաքարշ ընկած։ Այդ մտքից կարծես վիրաւորուելով՝ նա բաւականին ուշացումով հպարտօրէն յայտարարեց, թէ ինքն այդ կողմերի «տէր-տիրականն» է եւ «քացով է բացում» այդ երկրի «ամենամեծի» դուռը։ Նա արդէն մոռացել էր, թէ ինքը որտեղ է ծնուել, եւ ովքեր են իր ծնողները, բայց հայհոյում էր նրանց առանձնակի հաճոյքով։ Ահագին չարչարանքով ճգնում էր տեղը բերել իր անունը, բայց չէր կարողանում։ Անընդհատ հոլովում էր միայն իր մականունը, որով հռչակուած էր օտարների մէջ, եւ ոգեւորուած պատմում իր կատարած «քաջագործութիւններից», որոնք ցոյց էին տալիս, թէ մինչեւ ո՛ւր կարող է հասնել մարդկային ստորութիւնը․․․

Ահա այդպիսի մէկը հիմա քամու թեւով առօք-փառօք բազմել է Հայաստան երկրի գլխին եւ անլռելի բարբաջում է՝ ստո՛ւմ, խաբո՛ւմ, ուրանո՛ւմ, մեղադրո՛ւմ, չքմեղանո՛ւմ, եղծո՛ւմ ու կեղծո՛ւմ․․․   

Հայաստա՛ն երկիր, հա՛յ ժողովուրդ, դու այս ո՜ւր ընկար, դու այս ո՜ւր հասար․․․

Քո հազարաւոր լուսաւոր որդիներին, որ յուսահատ յամառութեամբ ու սրտակտուր անձնազոհութեամբ փորձում էին փրկել իրենց հայրենիքի մի մասը՝ Արցախը, քո սերունդների ապագան, դու մատա՛ղ արեցիր այդ անձեռնհաս եւ ոչնչամիտ տգիտութեան ոտքերի առջեւ․․․

Այժմ հերթը հասել է քո գոյութեան հիմքին՝ անկախ պետականութեանը։

Եւ դու դարձեալ լուռ ես։ Լռում ես։

Այդպէս լուռ է գերեզմանը, երբ անխօս փորւում է։ Այդպէս լուռ է գերեզմանը նաեւ թաղումից յետոյ, երբ յուղարկաւորները շտապում են տուն։

Եւ քո այդ հաշտ, գերեզմանային լռութիւնը խռովում է նոյնիսկ մահուան միտքն ու արժանապատւութիւնը։

Այո, մահը նոյնպէս ունի մահուան իր իւրայատուկ արժանապատւութիւնը․ նա տանել չի կարողանում իր զոհի այդ աներեւակայելի հէզութիւնը եւ անտարբերութիւնը՝ սեփական ճակատագրի հանդէպ։

Դա անհունօրէն վիրաւորական է մահուան համար, քանզի այդպէ՛ս լուռ եւ այդքա՛ն անտարբեր կարող է լինել միայն ինքը․․․

Նա՝ մահը, ընդունում է միայն կենդանի մահ եւ ոչ թէ մեռած կենդանութիւն․․․

Եւ հիմա միտս են գալիս գրեթէ կէսդարեայ վաղեմութեան իմ պատանեկան տողերը՝ ուղղուած երկնահաս աշտարակին ա՛յն հսկայ երկրի, որ յետոյ պիտի կոչուէր «կեղծիքի կայսրութիւն»․

․․․ Եւ հիմա այդպէս կանգնած ես թեքուած՝

Ողբալի՛, խղճո՛ւկ մի ճորտի նման․

Եւ ո՛չ ուղղում ես մէջքը քո ճկուած․

Ո՛չ էլ ուժ ունես՝ ազնիւ կործանման․․․

Դու, Հայաստան երկի՛ր, ընդամենը մի գնդասեղ ես այդ հսկայ կայսրութեան համեմատութեամբ, որից մնացել է միայն գերեզմանը․․․

Բայց անտարբերութեան այն ինքնասպան կեղծիքը, որի թմբիրում թաղուած՝ դու ապրում ես, նոյնքան հսկայական է եւ աշտարակի պէս հասնում է մինչեւ երկինք․․․ 

Մի՞թէ դու լքելու ես այս աշխարհը՝ այդպէս էլ չհասկանալով, թէ քեզ հետ ի՛նչ կատարուեց․․․

Նայի՛ր քո զինանշանին․

Դո՛ւ ես այդ Առիւծը․

Դո՛ւ ես եւ Արարատը․․․

20․06․2023 թ․

Երեւան

Նախորդ հոդվածըՄասքը տագնապած է Ուկրաինայի հակամարտությունում ԱՄՆ-ի հնարավոր ներքաշմամբ
Հաջորդ հոդվածը«Բարսելոնայի» եւ Չավիի բանակցությունները լարված մթնոլորտում են ընթանում