‘Սեւանից ձկան եւ խեցգետնի որսը կարգելվի դեկտեմբերի 20-ից’

9502

Բնապահպանության նախարարն արգելել է 2017թ. դեկտեմբերի 20-ից մինչև 2018թ. հունվարի 15-ը Սևանա լճում ձկան և խեցգետնի որսը:

Նախարարությունից տեղեկացնում են, որ ուժեղացվել է հսկողությունն ապօրինի ձկնորսության և ձկնային պաշարների պահպանության ուղղությամբ:

Հրամանում, մասնավորապես, ասված է.

«Իշխան և Սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով 2017 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2018 թվականի հունվարի 15-ն ուժեղացնել վերահսկողությունը Սևանա լճում ապօրինի ձկնորսության և ձկնային պաշարների պահպանության ուղղությամբ»:

Հրամանով «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենին հանձնարարվում է մինչև դեկտեմբերի 19-ն ապահովել Սևանա լճից ձկնորսության և խեցգետնորսության համար նախատեսված բոլոր որսագործիքների,  լողամիջոցների ինչպես նաև ժամանակավոր կացարանների դուրս բերումը, շրջիկ հսկողություն իրականացնել Սևանա լճի առափնյա տարածքներում և գետաբերաններում, կազմակերպել ստուգայցեր Սևանա լճի վրա` համագործակցելով բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Գեղարքունիքի մարզային ոստիկանության, մարզպետարանի և համայնքների ղեկավարների հետ:

Համապատասխան տեսչություններին առաջարկվում է նաեւ կազմակերպել ստուգայցեր Սևանա լիճը գոտևորող մայրուղիներում, քաղաքային շուկաներում, Սևանա լիճ թափվող գետերի վրա:

 

Նախորդ հոդվածը‘ՄԱԿ-ի ԱԽ-ն քննարկում է Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ բանաձևի նախագիծը’
Հաջորդ հոդվածը‘Վաղը, ժամը 19:00-20:30-ը, ամբողջությամբ կդադարեցվի Հանրապետության հրապարակում ավտոտրանսպորտային երթևեկը’