‘Սիրական բանակին հաջողվել է ետ մղել հարձակումը Դամասկոսի վրա’

906

Բաշար ալ Ասադի ուժերին հաջողվել է ճնշել ընդդիմադիրներին Դամասկոսում և Հալեպում: Այս մասին հայտնում են Սիրիայի իշխանական լրատվամիջոցները: Բանակին հաջողվել է ետ մղել մայրաքաղաքի վրա կատարված հերթական հարձակումը, ինչի հետևանքով ընդդիմադիր ուժերը զգալի կորուստներ են կրել: Իսկ նախօրեին Դամասկոսի միջնակարգ  օրիորդաց դպրոցի հարևանությամբ երկու ուժգին պայթյուն է  որոտացել: Կան բազմաթիվ զոհեր:

Իրանը մարտնչող կողմերին հաշտեցնելու փորձեր է ձեռնարկում: Իսլամական հանրապետության արտգործնախարարը բանակցություններ է վարում Ասադի հետ: Հակամարտության խաղաղ կարգավորման հետ մեծ հույսեր են կապում նաև ՄԱԿ-ում:

«Մենք անհանգստացած ենք Սիրիայում իրավիճակի վատթարացումից: Հատուկ հանձնակատար Լ. Բրահիմին շարունակում է իր դիվանագիտական առաքելությունը: Նախորդ շաբաթ նա հանդիպումներ է ունեցել նախագահ Ասադի և ընդդիմադիր առաջնորդների հետ: Դրան զուգահեռ՝ ՄԱԿ-ը հումանիտար օգնություն է ուղարկում Սիրիա: Մենք աշխատում ենք տեղում՝ մարդկանց սննդամթերք, օթևան և դեղորայք տրամադրելով, և պատրաստակամ ենք օգնել բոլոր նրանց,  ովքեր  մեր կարիքն ունեն: Ես կոչ եմ անում Սիրիայի կառավարությանը և ընդդիմությանը՝ ապահովելու բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի մենք կարողանանք շարունակել մեր աշխատանքը» ,- հայտարարել է ՄԱԿ-ի գերագույն քարտուղար Բան Կի Մունը:

Լուսանկարում՝ Դամասկոսի քանդված շենքերից մեկը

Նախորդ հոդվածը‘Վնասվածքի պատճառով Պիկեն բաց կթողնի երկուսից երեք շաբաթ’
Հաջորդ հոդվածը‘Սարգիս Հովսեփյանը դադարեցնում է ելույթները’