‘Սիրիական քիմիական զենքը կարող է ոչնչացվել միջազգային ջրերում’

782

Քիմիական զենքն արգելող կազմակերպության ծրագրի շրջանակներում Սիրիայի քիմիական զենքն իրենց երկրների տարածքներում ոչնչացնելու առաջարկը մերժելուց հետո ԱՄՆ-ը քննարկում է այդ զինանոցը հատուկ նավով միջազգային ջրերում ոչնչացնելու տարբերակը: Միջազգային ջրերում դրանք կարող են ոչնչացվել կամ այրելու, կամ քայքայելու միջոցով, The New York Times-ին հայտնել են ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները: Այրման դեպքում ենթադրվում է նավի վրա տեղադրել հինգ հատուկ վառարաններ, որոնք կաշխատեն գերբարձր ջերմաստիճանով: Ամբողջ գործողությունը կտևի առավելագույնը 60 օր: Գործողությանը չեն մասնակցի ամերիկյան ընկերություններ, նավեր կամ անձնակազմեր, սակայն ռազմական օժանդակությունը չի բացառվում: Գործողության անվտանգությունն այդ դեպքում կապահովեն ռազմանավերը և օդանավերը:

Երկրորդ միջոցի դեպքում կօգտագործվի Պենտագոնի մշակած չափազանց բարդ սարքավորումը՝ մեծ քանակությամբ թունավոր նյութերի ոչնչացման համար նախատեսված դաշտային շարժական ջերմաձուլական համակարգը, որը կարելի է տեղափոխել աշխարհի ցանկացած կետ և գործարկել 10 օրվա ընթացքում: Վտանգավոր բաղադրիչների ոչնչացումը կատարվում է դրանք ջրին և այլ նյութերի հետ խառնելու և ապա այրելու ճանապարհով: Սակայն թերթի աղբյուրները չեն ճշտել, թե հետո ինչ է արվելու գործընթացի արդյունքում ստացված քիմիական արտադրանքը, մասնավորապես՝ արդյո՞ք դա նետվելու է օվկիանոսի մեջ, փոխանցում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Հրաչյա Հարությունյանի գործով հոգեբուժական և ավտոտեխնիկական փորձաքննությունների արդյունքներն արդեն հայտնի են’
Հաջորդ հոդվածը‘Սախարովի մրցանակը հանձնվել է պակիստանցի իրավապաշտպան Մալալա Յուսուֆզային ‘