‘Սիրիացի գրոհայինների կողմից առևանգված լրագրողուհի Անխար Կոչնևան որոշել է հրապարակել իր օրագիրը’

827

Անցյալ տարվա հոկտեմբերին Հոմս քաղաքի մոտ սիրիացի գրոհայինների կողմից առևանգված ուկրաինացի լրագրող-թարգմանչուհի Անխար Կոչնևան երկար է նախապատրաստել իր փախուստը գերությունից, որն ընդհանուր առմամբ տևել է 153 օր: «Ինձ մոտ առողջական խնդիրներ էին ծագել, ավելի քան 20 կգ նիհարել էի, տեսողությունս վատացել էր», — «Ռաշա թուդեյ» հեռուստաալիքի արաբական տարբերակին տրված հարցազրույցում ասել է ուկրաինուհին: Նա նշել է, որ գտնվել է այն շրջանում, որտեղ ապստամբների և սիրիական բանակի միջև փոխհրաձգություն էր տեղի ունենում: Կոչնևայի խոսքով՝  վաղ առավոտյան, երբ դեռ բոլոր գրոհայինները քնած են եղել, նա զգուշորեն փողոց է դուրս եկել: «Ես մտածում էի, որ եթե փոքր-ինչ վստահություն ներշնչող մեկին հանդիպեմ, անպայման օգնություն կխնդրեմ: Գուցե ինչ-որ գումար առաջարկեմ, որ նա ինձ թաքցնի՝ մինչև կարողանամ զանգահարել, ասենք, Ուկրաինայի դեսպանատուն կամ Սիրիայում իմ ընկերներից որևէ մեկին»,- պատմել է Կոչնևան: Բարեբախտաբար՝ նրան հանդիպած սիրիացիներն օգնել են լրագրողուհուն և տեղափոխել կանոնավոր զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածք:

Դամասկոսում Կոչնևան լրագրողներին հայտնել է, որ մեկ շաբաթ անց կմեկնի Կիև, ինչպես նաև՝ կայցելի Մոսկվա, որտեղ իր երեխան է գտնվում: Նա մտադիր է մամլո ասուլիս տալ և հրապարակել իր օրագիրը, որը կբացահայտի իր դրամատիկ ճակատագիրը Սիրիա ժամանելուց ի վեր: «Ես կշարունակեմ իմ աշխատանքը: Մարդկանց ուշադրությունը պետք է սևեռել Սիրիայում ընթացող իրադարձությունների ուղղությամբ»,-ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Կոչնևան:

Նախորդ հոդվածը‘Երևան քաղաքի ամբողջական վաճառքի մասին խոսք լինել չի կարող. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Այ դու ձկան աչք. Մամուլ’