‘Սկանդալ. Ադրբեջանցիները Շուշիի անունից Հունգարիայում հռչակագիր են ստորագրել ‘

1316

Հայաստանում սկանդալները հաջորդում են մեկը մյուսին: Դեռ չենք մարսել բիոզուգարանների, Փայլակ Հայրապետյանի սնանկացման հետ կապված սկանդալները, հիմա էլ հայտնի է դարձել, որ ՀՀ ԱԳ նախարարությունը հանրությունից թաքցրել է այն փաստը, որ ադրբեջանական պատվիրակությունը Շուշի քաղաքի անունից հունգարական Դյոնդոշ քաղաքի պատվիրակության հետ ստորագրել է եղբայրության մասին հռչակագիր:

Մարդասպանին հունգարական բանտից ազատելով և նրան հանձնելով ադրբեջանական կողմին, հունգարները մեզ ապտակ հասցրին: Հիմա հասցրին երկրորդ ապտակը, իսկ ԱԳ նախարարությունը ծպտուն անգամ չի հանում: Top-news.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳՆ-ում ունեցած իր աղբյուրներից իմացել է «Շուշի» բարեգործական հիմնադրամի նախագահ, հայտնի արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանը, որն էլ նամակ է հղել հունգարական քաղաքի ղեկավարությանը:

Ի դեպ, ադրբեջանցիների և հունգարացիների միջև այս խայտառակ հռչակագիրը ստորագրվել է մայիսի 9-ին` Շուշիի ազատագրման օրը: Շատ չանցած՝ այս մասին տեղյակ է պահվել ՀՀ արտգործնախարարությունը, բայց Նալբանդյանը որոշել է լռել: Սա լճացմանը բնորոշ գործելաոճ է: Այս կառավարությունը պետք է հեռանա, այլապես անհաջողությունները շարունակական բնույթ կկրեն:

Ինչ վերաբերում է հունգարացիներին, ապա ինչո՞ւ նրանք այդպես չվարվեն, երբ հայկական կողմը դիվանագիտական հարաբերությունները խզելուց հետո ֆուտբոլի մինչև 19 տարեկան հավաքականին ուղարկում է Հունգարիա` ընկերական մրցաշարի մասնակցելու համար: Այսքանից հետո զարմանալի չէ, որ նման հռչակագիր է ստորագրվել: Զարմանալի չէ, քանի որ Հայաստանի կշիռը ամեն օր ավելի է նվազում: Տիգրան Սարգսյանի շնորհիվ մեր տնտեսությունն ավելի է թուլանում: Այնպես որ՝ տրամաբանական է, որ լինում են բաներ, որ նախկինում անգամ չէին կարող պատկերացնել:

Նախորդ հոդվածը‘Վլադիմիր Պուտինը ՄՕԿ-ին խնդրել է ըմբշամարտը նորից ընդգրկել օլիմպիական մարզաձեւերի շարքում’
Հաջորդ հոդվածը‘Արտագաղթողներին ատող Համլետ Հարությունյանը ԱԺ-ում որևէ անգամ հարց կամ ելույթ չի հնչեցրել’