Սնոուդենը պատմել է, որ նախապես մտադիր չէր մնալու ՌԴ-ում

247

ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը անկախ լրագրողի հետ զրույցում պատմել է, որ այլ երկրներ, ի տարբերություն Ռուսաստանի, չեն կարողացել երաշխավորել, որ իրեն անվտանգ քաղաքական ապաստան կտան։

Զրույցի հեռարձակումը երեքշաբթի երեկոյան կատարվել է  Rumble տեսահարթակում։

«Ճիշտն ասած՝ ես մտադիր չէի մնալ Ռուսաստանում, դա տարանցիկ կանգառ էր դեպի Լատինական Ամերիկա, որովհետև Հարավային Ամերիկան նախկինում ցույց էր տվել, որ բաց է արևմտյան կառավարությունների գաղտնի փաստաթղթերը մերկացնելու համար։ Իմ ինքնությունը կարող էր բացահայտվել, և շատ հավանական է, որ ես չկարողանայի շարունակել ճանապարհս։ Մենք որոշեցինք, որ ես պետք է անվտանգ տեղ մեկնեմ ապաստանելու համար, և դա պետք է Լատինական Ամերիկան լիներ։ Շփումներ ունեցանք, երաշխիքներ տրվեցին»,- նշում է Սնոուդենը։

ԱԱԳ նախկին աշխատակիցը խոստովանել է, որ սկզբում մտադիր էր մեկնել Եվրոպա, բայց բոլոր դիվանագետները, որոնց հետ ինքը խոսել է, նրան համոզել են դա չանել և երաշխիքներ չեն տվել։ «Բայց հենց որ Չինաստանը լքեցի, արտահոսք եղավ։ ԱՄՆ կառավարությունն իմացավ, որ ես, առանց միջոցների, մեկնում եմ Ռուսաստան։ ․․․ Ես վայրէջք կատարեցի Ռուսաստանում, և սահմանապահն ասաց, որ իմ անձնագիրը «չի աշխատում»»։

Սնոուդենը պատմել է, որ 40 օր անցկացրել է «Շերեմետևո» օդանավակայանի տարանցիկ գոտում, և այդ ընթացքում ապաստանի դիմում է ներկայացրել 21 երկրների։ Ըստ նրա՝ որոշ երկրների ներկայացուցիչներ խոստովանել են, որ վախենում են ԱՄՆ-ի արձագանքից և չեն ուզում նման իրավիճակում հայտնվել։ «Փոքր երկրները պատասխանում էին, թե պատրաստ են ինձ ընդունել, բայց վստահ չեն, որ կարող են իսկապես ապահովել իմ անվտանգությունը՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի առևանգումների պրակտիկան։ Այնպես որ, երբ այլ տարբերակ չկար, ես ապաստան խնդրեցի Ռուսաստանում և ստացա։ Եվ դրանից հետո ինձ հանգիստ թողեցին, դա այն ամենն էր, ինչ ինձ պետք էր այդ ժամանակ»,- պատմել է Սնոուդենը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԷկվադորի իշխող կուսակցությունը նախագահի թեկնածու չի առաջադրի
Հաջորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ Ալկարասը դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ կմրցի Ջոկովիչի հետ