‘Սոչիում արտակարգ իրավիճակ է հայտարարվել. Լուսանկար’

1036

Երկու օր շարունակվող հորդառատ անձրևները Ռուսաստանի գլխավոր առողջարանը, որը կես տարի անց պետք է ընդունի ձմեռային Օլիմպիադան, հասցրել են արտակարգ իրավիճակի սահմանին: Այսօր քաղաքի դպրոցներում և մանկապարտեզներում «եղանակային պայմանների» բերումով  հետաձգվել են պարապմունքները, հաղորդում է gazeta.ru-ն: Երեկ՝ Սոչիում Միջազգային ներդրումային ֆորումի բացումից երեք օր առաջ, Օլիմպիական պուրակը, որտեղ այս տարի պետք է անցկացվի այդ ֆորումը, հայտնվել է ջրային շրջափակման մեջ: Դատելով համացանցում հայտնված լուսանկարներից՝ հեղեղվել է նաև դեպի Սոչիի օդանավակայան տանող ճանապարհը, ինչպես նաև՝ երկաթուղու կայարանը:

Արտակարգ իրավիճակի վերաբերյալ զանգվածային իրազեկման առաջին ազդանշանը քաղաքում հնչեց երեկ, մոտավորապես ժամը 15.00-ին, անընդհատ հաղորդվում էր, որ անհրաժեշտ է պատրաստ լինել տարհանվելու: Այսօր ազդանշանն արդեն հնչել է երկու անգամ:

ՌԴ ԱԱՎ ղեկավարի մամլո քարտուղարը լրագրողներին տեղեկացրել է, որ երեքշաբթի քաղաքում հայտարարված արտակարգ իրավիճակի ռեժիմը դեռ շարունակում է գործել: Դրանից առաջ, սակայն, ԱԱՎ ներկայացուցիչները հերքում էին արտակարգ իրավիճակի ռեժիմ մտցնելու փաստը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Ցմահ դատապարտյալների ճակատագրերն ավելին են, քան քաղաքական դիվիդենտներն ու խաղերը’
Հաջորդ հոդվածը‘«Արմավիայի» աշխատակիցների ցույցը նախագահականի առջև. Տեսանյութ’