‘Սուրիկ Խաչատրյանի «քաջագործությունների» ժամանակագրություն ‘

2969

«Առավոտ» կայքի խմբագիր Աննա Իսրայելյանը լավ գիտի Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, և մեր քաղաքական ու դատական համակարգը հազիվ թե վերջին սպանության համար նրան պատասխանատվության ենթարկեն:

«Եթե էսքան ժամանակ մարսել ա, ի՞նչը հիմա պիտի խանգարի, որ չմարսի»,- Իսրայելյանի խոսքերն է մեջբերում «Ա1+»-ը։

Ըստ լրագրողի՝ Սուրիկ Խաչատրյանը մարսել է 16-ամյա դպրոցականին անձամբ ծեծելու փաստը, մարսել է Գորիսի հանրախանութում որդու մասնակցությամբ աղջիկ բռնաբարելու փաստը, մարսել է գործարար Սիլվա Համբարձումյանին ոտքով և ձեռքով խփելը, մարսել է եղբոր տղաների իրականացրած 30-ամյա երիտասարդի սպանությունը:

«Ու պատասխանատվության ենթարկվեց եղբոր որդիներից ընդամենը մեկը, էն էլ ազատազրկումը բանտային հիվանդանոցում էր անցկացնում ու վաղաժամկետ էլ ազատ արձակվեց»,- նշում է Աննա Իսրայելյանը։

Խմբագրությունում տիկին Իսրայելյանը ցույց է տալիս 5 տարի առաջ մարզպետի առաջին աղմկահարույց հանցագործության մասին լուրը։ Մարզպետը ծեծել էր 16-ամյա մի դպրոցական տղայի։ Վարչապետը ծառայողական հետաքննություն նշանակեց և անձամբ հերքեց ակնհայտ դեպքը։ Վարչապետն անձամբ ասաց, որ ոչ թե մարզպետն է ծեծել ինչ-որ տղայի, այլ այդ տղան ծեծել է մարզպետի որդուն. «Եթե վարչապետը հավատում է, որ Սյունիքում որևէ մեկը կարող է ծեծել մարզպետի որդուն և դրանից հետո ողջ մնալ, դա իրենց խնդիրն է, ոչինչ չենք կարող անել, վայելեք, ուրեմն, ձեր մարզպետի հետագա քաջագործությունները»։

Հետագա քաջագործություններին Ազգային ժողովի քարոզարշավի օրերին առնչվել է պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Վերջինս չի ուզում հիշել, թե ինչպես իրեն պահեց Սուրիկ Խաչատրյանը, այդ մարդը հայհոյել և վիրավորել է կնոջը, իսկ վերջին դեպքի առնչությամբ, փաստորեն, գործն ավարտվել է մարդասպանությամբ:

«Սուրեն Խաչատրյանը պետք է վերցված լիներ կալանքի տակ»,- նշեց նա։

Տիկին Փոստանջյանը կարծում է, որ չկալանավորված մարզպետը կարող է ազդել նախաքննության վրա, ի վերջո՝ գործին խառն է նաև որդու մատը։ Կալանավորման համար պատգամավորին բավարար է թվում նաև մարզպետի տնից զենք-զինամթերքի հայտնաբերումը, նաև այն, որ մարզպետն անձամբ է հայտարարել, թե եթե արթուն լիներ, անձամբ կկրակեր։ Մինչդեռ նույնիսկ մեղադրանք չկա.«Եթե նրան չեն կալանավորում, մեղադրանք չի առաջադրվում, ապա նրա հովանավորը, ես կարծում եմ, Սերժ Սարգսյանն է»։

Սերժ Սարգսյանն, ըստ պատգամավորի, չի կարող ազատվել Սուրեն Խաչատրյանից, քանի որ կկորցնի Սյունիքի մարզի կառավարումը, կկորցնի վախի մթնոլորտը, որը մարզպետի շնորհիվ իշխում է ամբողջ մարզում։

«Այլ կերպ, փաստորեն մարզում, ըստ Սերժ Սարգսյանի պատկերացումների, իր իշխանությունն ինքը չի կարող պատկերացնել»,- կարծում է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

Մանրամասները՝ «Ա1+»-ի տեսանյութում

Նախորդ հոդվածը‘Մոուրինյոն խաչ է քաշում Տորեսի եւ Խուան Մատայի վրա’
Հաջորդ հոդվածը‘«Հանրապետություն» կուսակցության նվերը Սերժ Սարգսյանին. Մամուլ’