‘Սպանված զինծառայողի հարազատներին հայհոյած փաստաբանը պահաջում է դատավորի ինքնաբացարկը ‘

1409

Մարտի 10-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Լյուքս Ստեփանյանի գործով դատական նիստը: Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին դատարանում վիճաբանություն էր ծավալվել մեղադրյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանի եւ զոհված զինծառայողի հարազատների միջեւ: Լյուքս Ստեփանյանի մոր՝ Լուիզա Ստեփանյանի «քո պաշտպանյալը թիվ մեկ թուրքն է» արտահայտությունից հետո Երեմ Սարգսյանը բորբոքված ոտքի էր կանգնել՝ ասելով, որ իր պաշտպանյալին նման կերպ չանվանի, ինչից հետո Լյուքս Ստեփանյանի հայրը՝ Իշխան Ստեփանյանը «խուժան, լկտի, բա որ թուրք չի, ի՞նչ ա» բացականչելով քայլել էր դեպի պաշտպանը, սակայն դատական կարգադրիչները նրան հետ էին պահել:

«Եթե հաջորդ անգամ այս մարդը դատարանի դահլիճում լինի, ես հրաժարվում եմ մասնակցել դատական նիստին, բոլորին քրեական պատասխանատվության եմ ենթարկելու»,- հայտարարել էր Երեմ Սարգսյանը:

Այնուամենայնիվ, մարտի 10-ին ներկայանալով դատարան՝ Երեմ Սարգսյանը հանդես է եկել դատավորի կողմից ինքնաբացարկ հայտնելու միջնորդությամբ՝ նշելով, որ Լյուքս Ստեփանյանի հարազատները իրենց դժգոհությունը փորձել են արտահայտել ծայրահեղ միջոցներով: Անդրադառնալով՝ դատարանի կողմից դատական նիստերը խանգարողների նկատմամբ՝ իր խոսքով սանկցիաներ չկիրառելու և դատավոր Զոյա Զաքինյանի՝ դատարանի նախագահի աշխատասենյակում Լյուքս Ստեփանյանի հարազատների հետ հանդիպելու փաստերին՝ Սարգսյանը ի վերջո ներկայացրել է ինքնաբացարկի միջնորդությունը, որը մերժվել է դատարանի կողմից:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 20-ին:

Հ.Գ. Երեմ Սարգսյանը հատկապես աչքի է ընկել «Հարսնաքարի» գործով դատավարության ժամանակ, որտեղ նա հանդիսանում է ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպանը: Վեց ամբաստանյալներից հենց Նորայր Հայրապետյանն է իր վրա վերցրել Վահե Ավետյանի սպանությունը, սակայն դատելով իր պահվածքից՝ կարելի է ենթադրել, որ որեւէ կերպ նա չի զղջում կատարած սպանության համար: 

Հիշեցնենք, որ 2013թ. մայիսի 15-ին, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի պահակախմբի մուտքի դիտորդ, ժամկետային զինծառայող, շարքային, 19-ամյա Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց էր արձակել, ինչի հետեւանքով պահակախմբում ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանը գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել էր, իսկ նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Վաղինակի Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վիրավորում: Քրեական գործ էր հարուցվել 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 112 հոդվածի 1-ին մասով: 

Նախորդ հոդվածը‘Յանուկովիչ. «Ես կենդանի եմ» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Եվրամիությունը պատրաստ է աջակցել Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին’