‘Ստացվում է, որ թոշակառուները հունվարի թոշակները կստանան հունվարի 14-ին. «Ժողովուրդ»’

1277

Կառավարության որոշմամբ՝ եկող 2015-ի հունվարի առաջին աշխատանքային օրն ամսի 12-ն է: Թոշակները, ինչպես հայտնի է, վճարվում են ամեն ամսվա երրորդ աշխատանքային օրվանից: Ստացվում է, որ թոշակառուները հունվարի թոշակները կստանան հունվարի 14-ին: Ի՞նչ է սպասվում թոշակառուներին: «Ժողովուրդ»-ը փորձել է հարցի պատասխանը ստանալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունից:

Այստեղից թերթին հայտնել են, որ այս օրերին բանակցում են գործընկեր վճարահաշվարկային կազմակերպությունների հետ, որպեսզի հունվարի կենսաթոշակները վճարվեն 2015 թվականի հունվարի 5-ին: Ի դեպ, եթե աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու նրա գործընկերները համաձայնության հանգեն, ապա այդպիսով կլուծվի բանկային քարտով թոշակ ստացող թոշակառուների խնդիրը: Առձեռն, «Հայփոստից» թոշակ ստացողների խնդիրը, միևնուն է, մնում է օդում կախված: «Միգուցե քննարկեն հունվարի թոշակը դեկտեմբերի վերջին վճարելո՞ւ տարբերակը, թե՞ այդքան փող չկա»,–գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘«Ռեալն» իր նոր ռեկորդով գերազանցել է «Բարսելոնային» ‘
Հաջորդ հոդվածը‘ԿԲ նախագահի հոր պաշտոնի առաջխաղացումը. «ՉԻ»’