‘Ստեփանակերտի համար Դիլհամ Ասկերովի հանձնման հարցը քննարկման ենթակա չէ’

967

Պաշտոնական Ստեփանակերտի համար ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի Դիլհամ Ասկերովի փոխանցման հարցը քննարկման ենթակա չէ,  «Ազատություն» ռադիոկայանին հայտարարել է Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ արձագանքելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությանը:

Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ մամուլի ասուլիսի ժամանակ ադրբեջանցի լրագրողը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովից հետաքրքվել էր Ասկերովի ճակատագրով, հայտարարելով, թե նա Ռուսաստանի քաղաքացի է, և ինչու Ռուսաստանը որևէ հայտարարություն չի անում իր քաղաքացուն ազատ արձակելու վերաբերյալ։ Ի պատասխան, Լավրովն ասել էր, թե նրան հայկական կողմն է ձերբակալել, այդ իսկ պատճառով հարցը կքննարկեն հայկական կողմի հետ։

«Այստեղ որևէ լուրջ խնդիր չկա, և այդ հարցը քննարկման ենթակա չէ», — ասել է Բաբայանը։

Անցած տարվա դեկտեմբերի 29-ին Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն Ասկերովին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ առանց պատշաճ թույլտվության Լեռնային Ղարաբաղի պետական սահմանը հատելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, մարդուն բացահայտ առևանգելու և սպանության համար։ 

Նախորդ հոդվածը‘Մանր եւ միջին ձեռներեցները երթով շարժվում են դեպի նախագահական’
Հաջորդ հոդվածը‘Երևանում բացվել է Կոմիտասի թանգարանը (ֆոտոշարք)’